ժամանակ: Ա.շ-յան հատուկ սարքեր են կիրառվում նարկոզի համար՝ վիրահատությունների ժամանակ, դրանց օգնությամբ իրականացվում է, այսպես կոչված, կառավարվող շնչառություն:
Տես նաև Վերակենդանացում օրգանիզմի:
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍՆՈՒՑՈՒՄ, բուժման մեթոդ, որի օգնությամբ բնական ճանապարհով (բերանով) սնուցման անհնարինության կամ անբավարարության դեպքերում օրգանիզմն ապահովվում է բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ սննդանյութերով և ջրով: Սննդանյութերն օրգանիզմ ներմուծելու եղանակից կախված՝ տարբերում են զոնդաղիքային (էնտերալ) և արտաաղիքային (պարէնտերալ) սնուցում:
Զոնդաղիքային սնուցումը սովորաբար իրականացնում են հիվանդանոցում, փափուկ բարակ ռետինե կամ սիլիկոնային խողովակով (զոնդով), որը ստամոքս է տարվում բերանի կամ քթի, ինչպես նաև վիրահատ. եղանակով՝ ստամոքսի կամ հաստ աղիքի պատերին բացած արհեստ. խուղակների միջոցով: Արհեստ. զոնդաղիքային սնուցումն իրականացնում են բերանի խոռոչի օրգանների, կոկորդի, ըմպանի և կերակրափողի ոչ վիրահատելի ուռուցքների ու վնասվածքների դեպքերում կամ դրանց վիրահատությունից հետո, ծանր գանգագլխուղեղային վնասվածքների ժամանակ գիտակցության երկարատև կորստի, տարբեր պատճառներից առաջացած կոմային վիճակի (տես Կոմա), կլման խանգարումների, տարածուն այրվածքների և այլ դեպքերում: Զոնդաղիքային սնուցման համար օգտագործում են հատուկ խառնուրդներ, որոնք պարունակում են արգանակ, կաթ, կարագ, հում ձու, հյութեր, ինչպես նաև հատուկ սննդախառնուրդներ: Անհաս երեխաների զոնդաղիքային սնուցումը կիրառում են ծննդաբեր. վնասվածքների, բերանի խոռոչի, ըմպանի, կերակրափողի, ստամոքսի լորձաթաղանթների այրվածքների դեպքերում, ինչպես նաև կերակրափողի և ստամոքսի հետվիրահատ. շրջանում: Նորածինների համար լավագույն սննդանյութը մանրէազերծած մայրական կամ դոնորական քամած կաթն է, իսկ կրծքի երեխաների համար՝ կաթը, կեֆիրը և այլ սննդամթերքներ, որոնցով երեխաները մինչ այդ սնվել են (տես Կրծքի երեխա): 1 տարեկանից բարձր երեխաներին տրվող սննդախառնուրդները նույնն են, ինչ մեծերինը:
Արտաաղիքային սնուցման ժամանակ սննդանյութերն օրգանիզմ են ներմուծվում՝ շրջանցելով ստամոքսաղիքային համակարգը (ավելի հաճախ ներերակային, հազվադեպ՝ ենթամաշկային, միջմկանային, ներոսկրային): Դա իրականացվում է առավելապես հիվանդանոցային պայմաններում: Նման սնուցում են կատարում կոկորդի, ըմպանի, կերակրափողի, կրծքավանդակի և որովայնի խոռոչի լայնածավալ վիրահատություններից հետո 1-ին օրերին, ծանր այրվածքների, վնասվածքների, վերակենդանացնող միջոցառումների (տես Վերակենդանացում օրգանիզմի)՝ արհեստ. շնչառության սարքերի երկարատև գործածմամբ, նյարդային և հոգեկան հիվանդությունների (օրինակ՝ երբ հիվանդը սննդից հրաժարվում է), ծանր ստամոքսաբորբի, հաստ աղիքի խոցային բորբոքման, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության և լյարդի հիվանդությունների դեպքերում: Օգտագործում են հատուկ սպիտակուցային պատրաստուկներ (կազեինի հիդրոլիզատ, հիդրոլիզին, ամինոպեպտիդ ևն), ամինաթթվային խառնուրդներ (բազմամին), ճարպային էմուլսիաներ, աղային լուծույթներ, խաղողաշաքար, վիտամիններ ևն:
Երեխաների արտաաղիքային սնուցումը կիրառում են ստամոքսի և բարակ աղիքների ծանր բորբոքումների, մարսողության թունավոր խանգարման, որովայնամզի տարածուն բորբոքման, տարածուն այրվածքների դեպքերում, ստամոքսաղիքային համակարգի օրգանների ծանր վիրահատություններից հետո 1-ին օրերին, ինչպես նաև զոնդաղիքային սնուցման անհնարինության և անբավարարության դեպքերում: Օգտագործում են նույն պատրաստուկները, ինչ և մեծերի համար:
ԱՐՅԱՆ ԽՄԲԵՐ, արյան ժառանգաբար փոխանցվող իմունային առանձնահատկություններ, որոնց հիման վրա և ըստ պարունակվող նյութերի (խմբային հակածիններ կամ իզոհակածիններ) նմանության արյունը դասվում է որևէ խմբի: Մարդու պատկանելությունն արյան այս կամ այն խմբին անհատ. կենսբ. առանձնահատկություն է, որը ձևավորվում է սաղմնային զարգացման վաղ շրջանում և չի փոխվում ամբողջ կյանքի ընթացքում: Առավել գործնական նշանակություն ունեն արյան կարմիր մարմնիկների (էրիթրոցիտներ) A և B իզոհակածինները, ինչպես նաև բնականոն պայմաններում արյան շիճուկում պարունակվող α և β իզոհակամարմինները: Մարդու արյան մեջ միասին կարող են գտնվել միայն տարասեռ իզոհակածիններ և իզոհակամարմիններ (օրինակ՝ A+β և B+α), քանի որ միասեռի (օրինակ՝ A և α) դեպքում տեղի է ունենում արյան կարմիր մարմնիկների միակպչում՝ սոսնձում (հեմագլուտինացում): Անկախ ռասայից, տարիքից, սեռից, ինչպես նաև արյան մեջ A, B իզոհակածինների և α, β իզոհակամարմինների առկայությունից՝ մարդու արյունը բաժանում են 4 խմբի, որոնք նշանակվում են հետևյալ կերպ. Ο,β (I) արյան խումբ, որը պարունակում է միայն α, β իզոհակամարմիններ: Aβ (II) խումբը՝ A իզոհակածին և β իզոհակամարմին: B„ (III) խումբն՝ B իզոհակածին և α իզոհակամարմին: ABO (IV) խումբը՝ պարունակում է միայն A և B իզոհակածիններ: Մեկ մարդուց մյուսին արյուն փոխներարկելիս անհրաժեշտ է, որպեսզի փոխներարկվող արյան մեջ չլինեն այնպիսի իզոհակածիններ, որոնք հակառակ են արյուն ստացողի իզոհակամարմիններին: Արյան փոխներարկման ժամանակ կատարյալ համատեղելի է համարվում նույն խմբի արյունը:
Ա.խ-ի մասին ուսմունքն առաջացել է 19-րդ դ. վերջերին: Այն ընդհանուր իմունաբանության կարևոր բաժիններից է, արյան փոխներարկման հիմքը և լայնորեն կիրառվում է արյունաբանության, վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, դատ. բժշկության, ինչպես նաև մարդաբանության ու մարդու գենետիկայի բնագավառներում: Մարդու օրգանիզմի իզոհակածինային նուրբ առանձնահատկություններն իմանալն անհրաժեշտ է օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման համար: Ավելի նուրբ եղանակների կիրառմամբ պարզվել է A իզոհակածինի ոչ համասեռությունը, որից ելնելով՝ տարբերում են A1 (դեպքերի 88%-ը) և A2 (12%) ենթախմբերը: Արդի պայմաններում հնարավոր է դարձել տարբերել արյան կարմիր մարմնիկների դժվար բացահայտվող տարբերակներ. A3, A4, A5, A2 ևն: Թեպետ B իզոհակածիևն ավելի համասեռ է քան A-ն, նկարագրվել են դրա հազվադեպ հանդիպող տարբերակներ ևս (B3, Bw, B7 ևն):
Բացի A և B իզոհակածիններից, որոշ մարդկանց արյան կարմիր մարմնիկներում հանդիպում են H և O առանձնահատուկ հակածիններ: Օրինակ՝ դրանք մշտապես առկա են Ο,β(I) խումբ ունեցող անձանց արյան կարմիր մարմնիկներում:
Մարդու արյան կարմիր մարմնիկներում իզոհակածինները հայտնաբերվում են ներարգանդային կյանքի 2-րդ ամսում և նրանց քանակությունն առավելագույնի է հասնում 3 տարեկանում, որից հետո