Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/8

Այս էջը հաստատված է

ԱԶՈՏԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ տես Սպիտակուցներ հոդվածում:

ԱԹԵՐՈՍԿԼԵՐՈԶ, զարկերակների քրոնիկ. հիվանդություն, որն աստիճանաբար հանգեցնում է դրանց լուսանցքի նեղացման և ֆունկցիայի խանգարման: Արդյունքում լարված աշխատող օրգաններին թթվածին և սննդանյութեր մատակարարող զարկերակներում արյան հոսքը դառնում է անբավարար, իսկ համապատասխան օրգանի ֆունկցիոնալ հնարավորությունները երբեմն բավականաչափ նվազում են:

Զարկերակի պատի Ա-ով ախտահարված հատվածներում միշտ հայտնաբերվում են խոլեստերինի կուտակումներ՝ թելքավոր (սպիական) հյուսվածքի բջիջների ու թելիկների հետ մեկտեղ: Դա առիթ է հանդիսացել, որպեսզի խոլեստերինը համարվեր Ա-ի առաջացման պատճառ: Հետագայում պարզվեց, սակայն, որ դա բոլորովին էլ այդպես չէ: Խոլեստերինը մեծ քանակությամբ արտադրվում և պարունակվում է գլխուղեղում, մակերիկամներում: Այն առկա է կենդանի օրգանիզմի բջիջների գերակշռող մեծամասնության բջջաթաղանթներում: Դրանով շատ հարուստ է նաև ճարպային հյուսվածքը: Մարդու օրգանիզմում խոլեստերինը ենթարկվում է տարբեր փոխարկումների: Այդ դեպքում, նյութափոխանակության առանձնահատկություններից կախված, կարող են առաջանալ խոլեստերինի այնպիսի միացություններ (գլխավորապես սպիտակուցային բնույթի նյութերի հետ), որոնց կազմում այն հեշտությամբ է թափանցում անոթի պատի մեջ: Այդպիսի դեպքերում խոլեստերինի կոնցենտրացիան արյան շիճուկում, որպես կանոն, բարձր է, ուստի Ա-ով հիվանդների մեծամասնության արյան մեջ խոլեստերինի քանակության ավելացումը (գերխոլեստերինարյունություն) համարվում է հիվանդության խորացումն արագացնող անցանկալի գործոն:

Ա-ի առաջացման և հետագա խորացման համար կարևոր, եթե ոչ որոշիչ, դերը պատկանում է զարկերակի պատի հյուսվածքների բջիջների փոփոխություններին, գրանցում կատարվող կենսաքիմ. գործընթացների շեղումներին:

Ա-ի ախտաբան. գործընթացն ունի 2 դրսևորում. մի դեպքում անոթի պատի փոփոխությունները խորանում են, և դրանում ավելանում են խոլեստերինի կուտակումները, մյուս դեպքում զարկերակի պատից խոլեստերինը դուրս է գալիս, կուտակումները ներծծվում են, և անոթի պատի վնասված հատվածները ապաքինվում են, իսկ վաղ սկզբն. փուլերում անոթի կառուցվածքը լրիվ վերականգնվում է: Այլ կերպ՝ Ա-ի բնորոշ առանձնահատկությունը ոչ միայն դանդաղ առաջացումն է, այլև այս կամ այն չափով հետզարգացման ունակությունը:

Քանի որ Ա. առաջանում է դանդաղ (երբեմն տասնյակ տարիների ընթացքում), և նրան բնորոշ է ալիքաձև ընթացքը (հիվանդության սրացման փուլերին հաջորդում են հանդարտման՝ ռեմիսիայի փուլերը), ուստի Ա-ի կանխարգելումը չի կարող սահմանափակվել որևէ ժամկետով կամ կուրսով, այն պետք է սկսել պատանեկան հասակում և անընդմեջ շարունակել ամբողջ կյանքի ընթացքում: Ա-ի կանխարգելման միջոցառումներն են առողջ ապրելակերպը, բժշկի խորհուրդների և հանձնարարականների կատարումը, որոնք նպաստում են զարկերակի պատի ամբողջականության պահպանմանը և դրանցում խոլեստերինի կուտակման կանխմանը:

Հաստատված է, որ արյան անոթի պատի փոփոխություններն առաջանում են բարդ նյարդային, ինչպես նաև հորմոնային ու այլ կենսաքիմ. (ծննդյան օրից սկսած մարդու սիրտանոթային համակարգի գործունեությունը կարգավորող) մեխանիզմների խանգարումների և գործունեության անհամամասնության հետևանքով: Այդ կարգավորող մեխանիզմների «բեկումը» կարելի է ներկայացնել որպես բնական, բայց ուժից վեր «աշխատանքային» բեռնվածություն, այսպես կոչված, լարվածության արդյունք, որը բնույթով ֆիզիոլոգ. է, բայց չափից ավելի, ըստ ուժգնության և տևողության:

Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են ֆիզիոլոգ. և կենսբ. կատարյալ մեխանիզմներ, որոնք ապահովում են նրա փոխազդեցությունը շրջապատող միջավայրի հետ: Վերջինիս գործոնների ազդեցությունն ամենից առաջ ընկալվում է նյարդային համակարգով, որը և «կազմակերպում է» օրգանիզմի պատասխան հակազդեցությունները: Նյարդային համակարգի գրգռիչ է նաև խոսքը:

Սիրտը և անոթային համակարգը գործնականում մասնակցում են շրջապատող միջավայրի գրգռիչների հանդեպ մարդու պատասխան հակազդեցությանը, հատկապես՝ նրա հուզումների, մկանային գործունեության իրականացմանը: Ուստի բնական է, որ նյարդային համակարգի գերլարումն ուղեկցվում է սրտի և անոթային համակարգի լարված գործունեությամբ:

Արտաքին գրգռիչների հանդեպ հակազդեցություններն ընթանում են նվազ լարումով այն դեպքում, եթե տվյալ անհատի հիմն. ներքին համակարգերն իրենց տրամադրության տակ ունեն համապատասխան «հզորության պաշար» և ֆունկցիոնալ հնարավորությունների աղբյուր: Հակառակ դեպքում՝ բեռնվածությունն օրգանիզմի ներքին որևէ համակարգի համար թվում է ուժից վեր, որը հանգեցնում է մյուս (հաճախ նյարդային և սիրտանոթային) համակարգերի անհամաչափ գերլարվածության:

Նյարդահուզ. լարումը կամ հոգեկան վիճակը խաթարող իրադրությունները դարձել են ժամանակակից մարդու անոթային համակարգի վրա բացասաբար ազդող հիմն. գործոններ: Ուստի կենցաղում և արտադրության մեջ այդպիսի իրադրությունները նվազագույնի հասցնելը Ա-ի կանխարգելման կարևորագույն խնդիրներից է:

Անձն., անհատ. կանխարգելման հիմքն օրգանիզմում նյարդային և հորմոնային կարգավորման ամենաբարենպաստ ակտիվության պահպանումն է, որի խանգարումը յուրաքանչյուր մարդու համար որոշվում է ոչ այնքան արտաքին գրգռիչների բնույթով, որքան դրանց հանդեպ օրգանիզմի հակազդեցությամբ: Արտաքին, հատկապես խոսքային, գրգռիչների հանդեպ մարդկային հակազդեցությունների տարբերակներից ամենալավ նյարդահորմոնային ֆոնն ապահովվում է մարդկանց հանդեպ բարյացակամ վերաբերմունքով:

Ժամանակակից մարդու կյանքում բացասական գործոններ են համարվում թերշարժունությունը, մեծ քանակությամբ ճարպեր և ածխաջրեր պարունակող առատ սննդի ընդունումը, սննդում վիտամինային հաշվեկշռի խանգարումը, ծխախոտի չարաշահումը (տես Ծխելը): Ա-ի կանխարգելումն ընդգրկում է այդ գործոնների վերացումը:

Ինչպե՞ս կասեցնել զարկերակներում խոլեստերինի կուտակումը: Հայտնի է, որ օրգանիզմի բոլոր նյութերի բնականոն կենսաքիմ. փոխակերպումներն ապահովող գլխ. լաբորատորիան լյարդն է: Դրա գործունեությունն ապահովելու համար խորհուրդ է տրվում սահմանափակել կամ բացառել գաստրոնոմ. վերամշակման ու խոհարար. մշակման ժամանակ սննդին ավելացվող բաղադրամասերը և սնունդը հարստացնել վիտամիններով: Մարմնի ավելորդ քաշի ավելացումը զուգակցվում է արյան մեջ ճարպերի և ճարպանման նյութերի կոնցենտրացիայի աճով, որն անխուսափելիորեն դժվարացնում է Ա-ային