Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/9

Այս էջը հաստատված է

նստվածքի ներծծումը՝ նպաստելով դրանց կուտակմանը: Ուստի օգտակար է սննդում բուս. յուղի օգտագործումը, որը խոչընդոտում է այդ կուտակմանը և կիսով չափ ապահովում ճարպերի օրական պահանջը: Կարևոր է նաև մարմնի ավելորդ քաշից ազատվելը:

Ա-ի առաջացումը և խորացման արագությունը սերտորեն կապված են զարկերակային ճնշման բարձրացման հետ (տես Արյան ճնշում): Անհրաժեշտ է ընդգծել, որ զարկերակային ճնշումն իջեցնելու նպատակով ինքնաբուժման փորձերն անվտանգ չեն և կարող են անբարենպաստ հետևանքներ ունենալ՝ հանգեցնելով գլխուղեղի, սրտի և այլ օրգանների արյունամատակարարման կտրուկ վատացման:

Ա-ի առաջացմանը նպաստում է նաև շաքարախտը: Այդպիսի հիվանդները ենթակա են մշտ. բժշկ. հսկողության:

Ա-ի ժառանգ. փոխանցումը պարտադիր չէ, սակայն որոշ նախատրամադրվածություն կարող է փոխանցվել: Նման դեպքերում պետք է հատուկ ուշադրություն դարձնել կանխարգելիչ միջոցառումներին:

Բոլոր զարկերակները միասին ախտահարվում են հազվադեպ: Առավել հաճախ նկատվում է գլխուղեղի, սրտի, երիկամների, ոտքերի արյան անոթների Ա-ային ախտահարում:

Զարկերակներում Ա-ային փոփոխությունների առաջացումը դրսևորվում է այնպես, որ օրգանի գործունեության ակտիվացման ժամանակ արյան հոսքը դեպի այդ օրգանը կարող է անբավարար լինել, որի հետևանքով նշված օրգաններում առաջանում են տհաճ զգացողություններ: Նման դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի:

Անոթային համակարգն ունի Ա-ից և նրա բարդություններից խանգարված արյան հոսքը վերականգնելու (փոխհատուցելու) հնարավորություններ: Դրանցից ամենակարևորը՝ օրգանը սնող համակողմային (կոլլատերալ) նոր ուղիներ ստեղծելու հատկությունն է: Արյան հունի այդպիսի վերակառուցումը պահանջում է երկար ժամանակ և համապատասխան հնարքներ, որոնց ամենից լավ փոխարինում են տվյալ օրգանի համար բնական ֆունկցիոնալ բեռնվածությունները (օրինակ՝ քայլքը՝ ստորին վերջույթների զարկերակների և սրտի պսակային զարկերակների համար): Սակայն պետք է հիշել, որ չափից ավելի բեռնվածությունը վատացնում է արյունամատակարարումը և դանդաղեցնում արյան հոսքի համակողմային ուղիների ձևավորումը: Բժշկի հանգամանորեն չափավորած բեռնվածությունը, հիվանդի զսպվածությունն ու համբերությունը, հաջողության հանդեպ հավատը մեր դարում առավել տարածված այս հիվանդության արդյունավետ կանխարգելման անհրաժեշտ և բավարար պայմաններն են:

ԱԼԵՐԳԻԱ, օրգանիզմի գերզգայնությունը շրջակա միջավայրի որոշ գործոնների (քիմ. նյութեր, մանրէներ և դրանց կենսագործունեության արգասիքներ, սննդամթերք ևն)՝ ալերգենների նկատմամբ:

«Ալերգիա» հասկացությունը ներմուծել է ավստրիացի մանկաբույժ Կ. Պիրկեն, 1906-ին՝ նշելու համար բուժման նպատակով հակադիֆթերիային շիճուկ ներարկելիս որոշ երեխաների օրգանիզմում առաջացած անսովոր փոփոխված հակազդեցությունը: Ա. հանգեցնում է Ա-ական հիվանդությունների առաջացմանը:

Ա-ական հիվանդությունները հայտնի են հնագույն ժամանակներից: Հույն բժիշկ Հիպոկրատը (մ.թ.ա. 5-4-րդ դդ.) նկարագրել է սննդամթերքի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականության դեպքեր՝ ստամոքսի խանգարում, եղնջացան ևն: Հռոմեական բժիշկ Գալենը (2-րդ դ.) նշել է վարդի հոտից առաջացած հարբուխի մասին: 19-րդ դ. նկարագրվել է խոտատենդը և ապացուցվել, որ այն առաջանում է բույսերի ծաղկափոշուց (տես Պոլինոզ), ենթադրվել է նաև, որ բրոնխային հեղձուկը կարող է առաջանալ փոշու շնչումից:

Ա-ական հիվանդությունները (բրոնխային հեղձուկ, պոլինոզներ, եղնջացան, Ա-ական հարբուխ, մաշկաբորբեր, դեղային և սննդային Ա.) լայնորեն տարածված են ամբողջ աշխարհում և գնալով ավելանում են: Որոշ երկրներում բնակչության մինչև 10%-ը տառապում է Ա-ական հիվանդություններով, որոնցից առավել տարածված են բրոնխային հեղձուկը, պոլինոզները, եղնջացանը: Հիմն. պատճառը հակաբիոտիկների և այլ դեղապատրաստուկների լայն օգտագործումն է: Կապված քիմ. արդ-յան բուռն զարգացման հետ՝ վերջին ժամանակներս գործածվում են շատ սինթետիկ նյութեր, ներկեր, լվացափոշիներ, արդ. և կենցաղային զանազան նյութեր, որոնց մեծ մասը կարող է դառնալ ալերգեն:

Վերջիններս կարող են լինել տարբեր միացություններ՝ սկսած պարզ քիմ. նյութերից (բրոմ, յոդ) մինչև ամենաբարդը (սպիտակուցներ, բազմաշաքարներ) և դրանց համակցությունները: Դրանց մի մասն օրգանիզմ է թափանցում դրսից (արտածին), մյուսներն առաջանում են հենց օրգանիզմում (ներծին կամ ինքնաալերգեններ): Արտածին ալերգենները կարող են լինել ոչ վարակիչ (կենցաղային փոշի, կենդանիների մազ, դեղապատրաստուկներ, քիմ. նյութեր, ծաղկափոշի, կենդ. և բուս. սննդամթերք) և վարակիչ (բակտերիաներ, վիրուսներ, սնկիկներ ու դրանց կենսագործունեության արգասիքներ) ծագման: Արտածին ալերգենները, տարբեր ճանապարհներով ընկնելով օրգանիզմ, կարող են ախտահարել առանձին օրգաններ ու համակարգեր:

Արտածին ալերգենները բաժանվում են.

1. Կենսաալերգեններ, որոնցից են մանրէները (տես Բակտերիաներ), վիրուսները, սնկիկները (տես Սնկիկներ մանրադիտակային), որդերը, շիճուկային և վակցինային պատրաստուկները (տես Վակցինաներ, Շիճուկներ):

Վարակիչ շատ հիվանդությունների (բրուցելոզ, բոր, տուբերկուլոզ, որովայնային տիֆ, պարատիֆեր ևն) առաջացումն ուղեկցվում է Ա-ով: Այդպիսի Ա. անվանում են վարակիչ, իսկ մանրէային, սնկիկային կամ վիրուսային ծագման որոշ հիվանդություններ, որոնց առաջացմանը շատ է նպաստում Ա.՝ վարակիչ-ալերգ: Հաճախ դրանց առաջացման պատճառ են դառնում նաև այն մանրէները և սնկիկները, որոնք սովորաբար լինում են մաշկի վրա կամ շնչուղիներում, բերանի խոռոչում, աղիքներում: Ա-ի աղբյուր են նաև օրգանիզմում առկա վարակի օջախները՝ փտած ատամները (տես Ատամների ոսկրափուտ), քթի հավելյալ ծոցերի բորբոքումը (տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր), լեղապարկի բորբոքումը և այլ բորբոքային գործընթացներ: Ա-ական հակազդեցության՝ անաֆիլաքսիայի պատճառ կարող են դառնալ օրգանիզմ ներարկված շիճուկները և վակցինաները: Ճիճվային հիվանդությունների ժամանակ Ա. առաջանում է որդերի նյութափոխանակության և քայքայման արգասիքների ներծծման հետևանքով:

2. Դեղային ալերգեններ: Ա-ական հակազդեցություն կարող է առաջացնել ցանկացած պատրաստուկ: Այսպես՝ կոդեինից Ա-ական բարդությունները կազմում են 1,5%, ասպիրինից՝ 1,9%, սուլֆանիլամիդներից՝6,7%, պենիցիլինից՝ մինչև 16%: Ա-ական բարդություններ հաճախակի լինում են նովոկաին, վիտամին B, և շատ ուրիշ դեղանյութեր ներարկելիս: Ա-ական հակազդեցությունների հաճախությունը պայմանավորված է պատրաստուկների