Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/98

Այս էջը հաստատված է

(հատկապես երկար եփելիս և շոգեխաշելիս), ոչ ճիշտ պահպանման (լուսավոր, տաք տեղում) դեպքում վիտամինների քանակը նվազում է (տես Սննդամթերքի խոհարարական մշակում): Խորհուրդ է տրվում սննդում թարմ Բ. շատ օգտագործել: Մեծ քանակությամբ (մինչև 95%) ջուր պարունակող Բ. պահելու համար պիտանի չէ (տես Սննդամթերքի պահպանում), ուստի ամբողջ տարվա ընթացքում Բ. ունենալու նպատակով այն մշակում են (չորացնում, թթու դնում, պահածոյում, սառեցնում): Չնայած բոլոր դեպքերում էլ վիտամինների կորուստ լինում է, բայց դրանք ավելի շատ պահպանվում են թթու դրած, սառեցրած և այլ ձևով պահվող Բ-ի մեջ: Որոշակի կանոններ պահպանելով՝ Բ. կարելի է պահածոյել նաև տնային պայմաններում (տես Պահածոյում տնային):

ԲԱՍԿԵՏԲՈԼ, թիմային մարզախաղ: Ընդգրկում է զանազան շարժումներ՝ վազք, ցատկեր, կտրուկ շրջադարձեր (գնդակը բռնելիս և նետելիս): Խաղն աչքի է ընկնում տակտիկական իրադրության արագ փոփոխությամբ: Բ. զարգացնում և ամրապնդում է հենաշարժ. ապարատը, բարձրացնում շնչառ. և սիրտանոթային համակարգերի ֆունկցիոնալ հնարավորությունները, բարելավում տեսող., շարժող. և անդաստակային վերլուծիչների աշխատանքը, շարժումների համաձայնեցումը, մեծացնում ընդհանուր ֆիզ. դիմացկունությունը, իսկ առանձնահատկությունների շնորհիվ այն մատչելի է երիտասարդների (սովորաբար մինչև 36-38 տարեկան) համար:

Խաղի տարրերը կարելի է սովորեցնել 10-12, իսկ հատուկ մարզումներն սկսել 12-14 տարեկանից: Ըստ տարիքային խմբերի (երեխաներ, պատանիներ և աղջիկներ), որպես կանոն, մրցումների մասնակցել թույլատրվում է մշտ. մարզումներից 1—1,5 տարի հետո: Ցածր դպրոց. տարիքի երեխաների ն պատանիների պարապմունքների ընթացքում սահմանափակվում են խաղի տևողությունը, խաղահրապարակի չափերը, զամբյուղի բարձրությունը, գնդակի քաշը (փոքր Բ.), կանոնակարգվում մրցումների քանակը: Առավել հաճախ հանդիպող վնասվածքներից են սալջարդը, սրունքաթաթային հոդի գերձգվածությունը, մատների հոդախախտումները ևն, որոնց կանխման համար նշանակություն ունեն խաղահրապարակի ճիշտ կառուցումն ու բարեկարգ պահելը, խաղի կանոնների պահպանումը, ծնկակապերը և առանց կրունկի (ավելի հարմար է ռետինե ներբաններով) կոշիկները: Բ-ի պարապմունքների ժամանակ անհրաժեշտ է բժշկական հսկողություն: Խաղի տարբեր տարրեր (գնդակը զամբյուղ նետելը ևն) օգտագործվում են բուժական ֆիզկուլտուրայում:

ԲԱՐԱԿ ԱՂԻՔՆԵՐ, տես Մարսողական համակարգ հոդվածում:

ԲԱՐԱԿ ԱՂԻՔՆԵՐԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, տես Ստամոքսաղիքաբորբ հոդվածում:

ԲԱՐԹՈԼԻՆԻՏ, տես Ամոթույքագեղձաբորբ:

ԲԱՐՁԻԿԱԲՈՐԲ, բուրսիտ, հոդերի ձուսպապարկերի բորբոքում: Հաճախ առաջանում է արմնկային, ուսային, ծնկային և սրունքաթաթային հոդերում: Հիվանդությունը կարող է ընթանալ սուր և քրոնիկ.:

Սուր Բ. սովորաբար առաջանում է հոդապարկի շրջանում՝ վնասվածքի (սալջարդ, քերծվածք, փոքր վերքեր) հետևանքով կամ որպես առանձին հիվանդությունների (ֆուրունկուլոզ, ոսկրածուծաբորբ, գրիպ, բրուցելոզ, գոնոռեա) բարդություն:

Քրոնիկ. Բ., որպես կանոն, առաջանում է հարհոդային ձուսպապարկերի երկարատև մեխ. գրգռման հետևանքով՝ կապված մասնագիտության (լեռնագործներ, մանրահատակագործներ, մարզիկներ) առանձնահատկությունների հետ:

Սուր Բ-ի ժամանակ հոդի շրջանում նկատվում են մաշկի կարմրություն ն փափուկ, առաձգական ցավոտ ուռածություն՝ լցված շճային հեղուկով: Դրանից սահմանափակվում է հոդի շարժունությունը, երբեմն բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, և վատանում ընդհանուր վիճակը: Հիվանդության սաստկացումից առաջանում է թարախային Բ., բորբոքային գործընթացը կարող է տարածվել հոդի (տես Հոդաբորբ) կամ շրջակա փափուկ հյուսվածքների վրա և առաջացնել ենթամաշկային կամ միջմկանային ֆլեգմոն: Բ. բարձիթողի դեպքերում դժվար է բուժվում, և երբեմն պահանջվում է վիրահատ. միջամտություն: Ուստի հիվանդության 1-ին իսկ ախտանշանների դեպքում հարկավոր է դիմել բժշկի:

Քրոնիկ. Բ-ից վերջույթի ֆունկցիան սովորաբար չի խանգարվում, բայց պահանջվում է պարտադիր բուժում, քանի որ կարող է սրանալ ն հասցնել ժամանակավոր անաշխատունակության: Որպեսզի վնասվածքային Բ. կանխվի, խորհուրդ է տրվում մեխ. գրգռման ենթակա հոդի վրա կրել պաշտպան. վիրակապ: Մաշկի վնասման դեպքում հոդի շրջանը խնամքով մշակել վարակազերծող միջոցներով (սպիրտ, յոդ, ադամանդականաչ) և վիրակապ դնել:

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ, կենսագործունեության բարդ ձև, որն ապահովում է մարդու և բարձրակարգ կենդանիների առավել կատարյալ հարմարումը շրջակա միջավայրի փոփոխվող պայմաններին: «Բ.ն.գ.» հասկացությունն առաջարկել է ռուս ֆիզիոլոգ Ի. Պավլովը՝ կապված պայման. ռեֆլեքսի՝ որպես նյարդային գործունեության նոր ձևի հայտնագործման հետ: Ի. Պավլովը Բ.ն.գ. հակադրեց ցածրակարգ նյարդային գործունեությանը, որն ուղղված է հիմնականում օրգանիզմի հոմեոստազի (ներքին միջավայրի կենսբ. ցուցանիշների հարաբեր. հաստատունություն) պահպանմանը՝ նրա գործունեության ընթացքում: Օրգանիզմի ներսում փոխազդեցությունն իրականացնող նյարդային տարրերը միացած են նյարդային կապերով՝ արդեն ծնվելու պահին: Եվ ընդհակառակը, Բ.ն.գ. ապահովող նյարդային կապերն իրականացվում են սոսկ օրգանիզմի կենսագործունեության ընթացքում՝ կենսափորձի ձևով: Ուստի ցածրակարգ նյարդային գործունեությունը կարելի է ընդունել որպես բնածին ձև, իսկ Բ.ն.գ.՝ որպես ձեռքբերովի՝ մարդու կամ կենդանու անհատ. կյանքի ընթացքում:

19-րդ դ. ռուս ֆիզիոլոգ Ի. Սեչենովը բացահայտեց գլխուղեղի գործունեության ռեֆլեքսային բնույթը (տես Ռեֆլեքսներ, Կենտրոնական նյարդային համակարգ): Նրա գաղափարները զարգացրեց Ի. Պավլովը, որն իր մշակած պայման. ռեֆլեքսի մեթոդի հիման վրա ապացուցեց հոգեկան գործունեության բարդ գործընթացներում կարևոր նշանակություն ունեցող գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի ֆունկցիաների փորձառ. ուսումնասիրման ուղիներն ու հնարավորությունները:

Ցածրակարգ նյարդային գործունեությունն անվանվում է անպայման ռեֆլեքսային, իսկ նրա առանձին հակազդեցությունները՝ անպայման ռեֆլեքսներ: Վերջինները, ձևավորվելով էվոլյուցիայի միլիոնավար տարիների ընթացքում, նույնն են կենդանիների տվյալ տեսակի համար և քիչ են կախված կոնկրետ օրգանիզմի գոյության պայմաններից: Անպայման ռեֆլեքսները հնարավորություն են տալիս կարևորագույն կենսբ. խնդիրները լուծել հուսալի, դարերով ստուգված եղանակներով, և դա հաջողվում է, եթե շրջակա միջավայրի գործոններն ընդհանուր առմամբ մնան այնպես, ինչպես միլիոն տարի առաջ: Բայց պայմանները կտրուկ փոխվելիս անպայման ռեֆլեքսները