Այս էջը սրբագրված է

Պառավը գալիս ա տուն, էլի ղի տալի.— Ո՞վ ա քուն, ո՞վ ա զարթուն։

Տենում ա ձեն չկա։ Իրեք հետ ձեն ա տալի, ուրախանում ա, ասում ա.— Քնել են, գնամ չիմնուն էլ ուտեմ։

Գալիս ա տենում ա տղերանց տեղը փետ ա դրած, մնում ա իրան տանը փոշմանած։

Նրա գնացած վախտը, էն տղերքը, ճամփեն կես են արել, որ էն սարը պտի հասնին, Վասակն ասում ա.— Չխպլիկս մնացել ա, եդ պտեմ գնալ:

Հընգերտինքն ասում են.— Մարդագելից անչախ պրծել ես, հմի էլ ե՞դ պտիս գնալ։

Ասում ա.— Անհնարին ա, պետք ա գնամ։

Ասում ա ու եդ դառնում, գնում։ Գնում ա պառավի տունը։ — Ո՞ւր ա չխպըլիկս,— ասում ա պառավին։

Պառավն ասում ա.— Էկա՞ր, Վասակ ջա՛ն, քու անուշ մսին կարոտ եմ, էդ ա էկել ես, կուտեմ։

Վասակն ասում ա.— Հա՛, լավ կանես։

Ուզում ա, որ Վասակին գա բռնի, ուտի, պառավի էն հյուրի-մալաք ախչիկը տենում ա, որ Վասակը շատ սիրուն ա, աչքին շատ դիր ա գալի։ Ընչկել մոր թրին հասնիլը, թուրը բերում ա Վասակին տալի, մերը թրին ման ա գալի, գտնում չի։

Ասում ա.— Հըմի կերթամ փըշըրտորեմ կուտեմ։

Գիտի ոչ, որ թուրը Վասակի ձեռին ա։ Գնում ա Վասակի կուշտը, որ փըշրըտորիլ պտի, Վասակը թուրը հանում ա, պառավին տալի, էրկու կտոր անում։ Հյուրի֊մալաք ախչկանը վեր ա ունում ու պառավի հարստությունն էլ ա տանում։ Գնում ա իրան տուն, օխտն օր, օխտն քշեր հրսանիք անում, պսակվում։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։ Չարը ընդի, բարին ըստի։

Աստըծանե իրեք խնձոր վեր ընկավ մինը՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ ալամ աշխարքին։