Այս էջը սրբագրված է

Ղութիկը բաց արավ, ղութկիցը դուրս էկան քառասուն արաբ, ամենքի ձեռին մի էրկաթե գուրզը։

Ասին.— Թքավորի տղա՛, աշխարհը քանդե՞նք, թե՞ շինենք։

Թքավորի տղեն ասավ.— Ո՛նչ քանդեցեք, ո՛նչ շինեցեք, դուք ձեզ հմա հանդարտ կացեք։

Դրանք մտան ղութիկը, ղութկիցը քառասուն աղջիկ դուս էկան ու պար էկան, ամենքը մի քիսա ոսկի բերին դրին տղի աղաքը, քառասուն քիսա ու մտան իրանց տեղը։

Նախրչին էկավ նախրի կուշտը։

Տղեն ասավ.— Ապի՛, մի աման բի, էս օսկիքը տար քու տունը։

Նա ամանը բերուց, ոսկին տարավ իրան տունը։

Օրիցը դեռ մխելի կար, տավարը տարան գեղն արին։

Տավարատերերն ասին.— Էս չախը տավարը ո՞ւր եք բերել, գեղն արել, դեռ օր կա։

Եդնա էլ ասին.— Ի՞նչ արել եք, արել եք, էլ եդ տանիլը աժի ոչ, ռավոտը վաղ կտանեք։

Ռավոտը վե կացան տվարատերերը նախրչուն ղի տվին.— Ա՜յ տղա, էրեկի ճաշին բերել ես, էսօր ճաշ ա դառել, վեկաց, տա՛ր, էլի՜։

Նախրչին ասում ա.— Էլ կարալ չեմ, ամենքըդ ձեր տվարին տերութին արեք։ Ես մենձացել եմ, ճոներս ցավում ա, էլ կարում չեմ տավարը գնամ։

Դրանե եդն էլ գնաց ոչ նախրչին։

Տղեն մնաց նախրչու կշտին էրկու ամիս։ Օրերից մի օր տղեն ասավ նախրչուն.— Նանի՛ ու ապի՛, մնաք բարով, ես գնում եմ։

Նախրչին ասավ.— Ա՛յ որդի, քեզ ի՞նչ ա ըլել, որ գնում ես։

Տղեն ասավ.— Մի բան էլ ա ձեզանե կերել չեմ, ձեզ հարըստացրել եմ, հմի էլ գնում եմ։

Էդ խոսքն ասավ ու գնաց։ Նախրչին ու իրա կնիկն էլ կարանին ոչ բան ասեն։

Թե շատ գնաց, թե քիչ գնաց տղեն, դրա գնալը աստված գիտե, գնաց մի գետի ղրաղին մի գերեզմանուտ, տեհավ գերեզմանուտումը մի մեռել, էդ մեռելին էրկու մարդ վեր են հատում ու ուշունց են տալի։

Ասավ.— Ա՛յ մարդիկ, շըշացել ե՞ք, որ էդ մեռած մարդուն վեր եք հատում։

Նրանք ջուղաբ տվին, թե. «Սա մեր պրտքատերն ա». մինն ասավ. «Ինձ հարիր մանեթ ա տալացուկ», մինն ասավ. «Ինձ հիսուն մանեթ ա տալացուկ»։