Այս էջը սրբագրված է

ՆԱԽԱԲԱՆ

«Հայ ժողովրդական հեքիաթների» գիտական հրատարակության VIII հատորն ընդգրկում է պատմական Հայաստանի՝ Մեծ Հայքի Գուգարք նահանգի բնակավայրերի (այժմյան Թումանյանի, Գուգարքի, Ստեփանավանի, մասամբ Սպիտակի ու Նոյեմբերյանի, ինչպես նաև Վրացական ՍՍՀ Մարնեուլի, Բոլնիսի շրջանների) հեքիաթները։

Հատորը պարունակում է 139 հեքիաթ, որից միայն 17֊ը տպագրված են եղել, իսկ մնացած 129֊ը՝ անտիպ են։ Այս հատորի նյութերի ճնշող մեծամասնությունը գրի են առել Լոռու գյուղերում՝ վաստակաշատ ազգագրագետ Եր․ Լալայանը՝ ինքն անձամբ և իր գլխավորած 1915—1916 թթ․ բանահյուսական նշանավոր խմբարշավի մասնակիցները։ Եր․ Լալայանի գրառումները արժեքավոր ու կարևոր են և՛ լեզվա-ոճական անաղարտությամբ ու գեղարվեստական բարձր մակարդակով, և՛ միաժամանակ հեքիաթներին կից տրվող անհրաժեշտ տեղեկություններով։ Ուշագրավ են նաև Վրեն Տաշրացու (Վերանյան) գրառումները Ջալալ-օղլու (Ստեփանավանի) գյուղերից։ Մեր օրերի գրառումներից հատորում տեղ են գտել Մ․ Հակոբյանի, Ա․ Ստքանյանի և Ա․ Կարապետյանի հավաքած նյութերը՝ Ալավերդու (Թումանյանի), Ստեփանավանի, Սպիտակի և Նոյեմբերյանի շրջանների գյուղերից։