Տղեն թագավորի աղջկանը խոսացնելուց եդը վեր ա կենում, գլուխ ա տալի ու ուրախ-ուրախ նազիրի հետ գալիս ա թագավորի կուշտը ու հայտնում, որ աղջկանը խոսացրուց: Ամա էն անխըղճմըտանք նազիրն ուրանում ա, թե խոսացրել չի:
Վրա երկրորդ րիգուն տղեն գնում ա թագավորի աղջկա կուշտը նազիրի ու վազիրի հետ ու սկսում ա էս պատմությունը.— Շամդան, քեզ ասեմ, դուն անգաճ արա, թագավորի աղջիկն էլ թող արդար դատի։ Մի օր իրեք անվանի խանումներ՝ թագավորի, նազիրի ու վազիրի կնանիքը գնում են բաղնիս լողանալու։ Բաղնիսից դուրս գալիս գտնում են մի ոսկե ձու։ Վիճում են, թե ո՞ւմ կհասնի էդ ձուն։ Վերջը վճռում են, որ ոսկե ձուն վերցնի նա, ով իր մարդի գլուխը լավ տաք կգայ։
Թագավորի կնիկը հայտնում ա թագավորին, թե էս ու էս պատճառով ինքը նրա գլուխը տաք պտի գալ, թող զգույշ կենա։
Ու ինքը հաստատ սեր ա անում մի պալատականի հետ: Թագավորը մի օր կնկանը բռնում ա պալատականի կշտին, թե էս ի՞նչ բան ա։ Կնիկը հավատացնում է, թե ոչինչ չկա, հանաք ա, թե ինքը միամիտ, թագավորի գլուխն էդ տաքն էկավ, որ ոսկե ձվին տիրանա:
Նազիրի կնիկն էլ էս տաքն ա գալի իր մարդի գլուխը։ Նա սիրահարվում ա իր նոքարի հետ։ Իրան տանիքը գետնի տափով մի քանքան ա տալի՝ գաղտնի ճամպա շինել տալի մինչի նոքարի օթախը ու դենը գնալ-գալ անում։ Էդ կնկա խորհրդով մի օր նոքարը գալիս ա նազիրի կուշտը ու ասում. —Աղա, քո մի աղջիկն եմ սիրել, ուզում եմ հետը հարսանիք ըլիլ, խնդրում եմ գաս, մեր քյաբինը կտրես։
Նազիրը գնում ա տենում, որ ասած աղջկա տեղը իր կնիկն ա ընդե նստած։ Կարում չի բան ասիլ. խեթ-խեթ մտիկ ա անում ու մհանով դուս ա գալի, վազում իր տունը։ Գնում ա տենում, որ իր կնիկն, իրանց օթախումը նստած, արխեին կար ա անում։
— Այ կնիկ, —ասում ա,— էս ի՞նչ բան ա, մեր նոքարն ինձ կանչեց, որ իրա նշանածի հետ քյաբինը կտրեմ, գնացի տեհա դուն ընդի նստած, հենց իսկ և իսկ դուն:
— Այ մարդ, գժվե՞լ ես, ինչ ա,— ասում ա կնիկը,— ես ըստի արխեին ինձ համար կար եմ անում։ Ով գիտի, կարելի ա, նրա նշանածն ինձ նման ա։ Ծաղիկը՝ ծաղկին, ծառը՝ ծառին, մարդը՝ մարդին, կնիկը՝ կնկանը նման չի՞ ըլիլ։ Բալիմ նա էլ ինձ շատ նման ա։
Նազիրն արխենանում ա, վեր կենում, եդ գնում։ Մինչի նրա