Խեղճ վազիրը գլուխը թափ ա տալի ու սուս կենում։
Ու սկսում ա ապաշխարանքը, աղոթքն ու զղջանքը:
Կնիկն ամեն օր նրա համար լավ ճաշ ա ղրկում։ Էսպես քաշում ա քառասուն օր։ Վազիրի միրուքն էլ եդ դուս ա գալի, առաջվա տոլ հասնում։ Վրա քառասուն օրը նրա ճաշը եդացնում են ու նա շատ սովում ա։ Հենց որ ճաշը բերում են, սոված վազիրը վրա ա ընկնում ու մի կուշտ ուտում։ Կնիկը կերակրի մեջ քնացնող դեղ ա խառնած ըլում։ Ու վազիրս վերջի թիքեն դեռ բերանը չդրած՝ էլ եդ խոր քուն ա մտնում։
Նոքարնին նրան վեր են ունում ու բերում տուն և կնկա կարգադրությունով օջախի ղրաղին վեր դնում՝ չիբուխը կողքին։
Րիգունը աչքը բաց ա անում թե չէ, կնիկն ասում ա.— Այ մարդ ջան, ես հալվեն շինել, հազիր եմ արել, իսկ դու խելի վախտ ա աչքդ կպցրել ես։ Ես էլ սիրտ չեմ անում, թե քեզ զարթացնեմ։ Դե, վրա նստի, հալվեն անուշ արա։
— Ես էս քառասուն օրը մեջիտումը չի՞, ապաշխարանք չի՞ քաշում, էս ե՞բ եդ էկա։
— Այ մարդ, քեզ ի՞նչ պատահեց, էդ ինչե՞ր ես ասում, դուն չի՞ր, որ մի կես սահաթ աղաք էկար տուն ու ասիր, որ քեզ հմար հալվա շինեմ։ Ես էլ մինչի հալվեն հազրեցի, դուն մի քիչ աչքդ կպցրիր։ Հլբաթ էս կարճ վախտում էրազ տեհար...
— Է, ի՞նչ էրազ, ի՞նչ բան,— նեղացած ասում ա մարդը,— քառսուն օրվա էրազ կլի՞։ Բա մեջիտն ի՞նչ էր, սեյիդնին ի՞նչ ին...
Կնիկը հալվեն աղաք ա բերում, սուփրեն գցում ու լացակումած մարդու ճտովն ա ընկնում ու ասում. —Այ մարդ ջան, քու արևը վկա, էրազ ես տեհել։ Դուն էկար, դուն ասիր, որ քեզ հմար հալվա շինեմ, վաղուց ա կերել չեմ, միտդ ա ընկել։ Ես էլ էն սհաթին հալվի թադարեքին կացա։ Դուն էլ նստեցիր կրակի ղրաղին ու քունդ տարավ։
Ու կնիկն ամեն կերպ մարդին հավատացնում ա, թե ինչ որ տեհել ա՝ էրազումն ա տեհել։ Նա էլ ճարահատ, վերջի վերջո, հավատում ա ու ասում. «Հլբաթ տեհածս էրազ էր»։
Թագավորի տղեն իր պատմությունը վերջացնում ա ու շամդանին հարցնում.— Շամդան, դուն ասա, ոսկե ձուն ո՞ւմ կհասնի, ո՞ւմ տաքն էր լավ՝ թագավորի կնկա՞նը, նազիրի կնկա՞նը, թե վազիրի կնկա՞նը։
Ընդիան թագավորի աղջկա լեզուն բացվում ա ու ասում.— Իհարկե վազիրի կնկա տաքը ամենից լավն էր. նա համ խելոք էր, համ նամուսով, մյուս երկուսն աննամուսություն արին։