Այս էջը սրբագրված է

Սույն հատորի «Գուգարք» խորագիրը ավելի լայն է, քան ընդգրկված նյութը։ Այստեղ ներգրավված է ներկայիս Լոռու ազգագրական շրջանի տարածքը, որ համապատասխանում է պատմական Հայաստանի Տաշիր(ք) կամ Տաշրատափ գավառին։ Վերջինս մտնում էր Հայաստանի հյուսիսային բդեշխության Գուգարաց աշխարհի մեջ։ Պատմական Գուգարքը բռնում էր բավական ընդարձակ տարածություն։ Հյուսիսից նրա սահմաններն էին՝ Վիրքը, հարավից՝ Այրարատը, արևմուտքից՝ Տայքը, իսկ արևելքից՝ Ուտիքը։

Գուգարքը հարուստ ու հին պատմություն ունի։ Գուգարաց աշխարհում շատ վաղ ժամանակներից բնակվել են հայեր, վրացիներ, իսկ արևելյան ծայրագավառներում՝ նաև որոշ թվով աղվաններ։

Գուգարքը հայկական պետության կազմում հիշվում է Արտաշես Ա-ի օրոք (189—160 թթ. մթա)։ Հայաստանի առաջին բաժանման ժամանակ (387 թ․) Գուգարքը միացվում է Վրաստանի մարզպանությանը և ենթարկվում Սասանյան Պարսկաստանի գերիշխանությանը։ Այդ ժամանակից էլ Գուգարքի վրացաբնակ շրջանները ընդմիշտ մնում են Վրաստանի կազմում, իսկ հայաբնակ շրջանները՝ Տաշիրք գավառն իր շրջակայքով, Բագրատունիների օրոք կրկին միացվում են հայկական թագավորությանը:

Տաշիրքը Գուգարքի ամենաընդարձակ գավառն էր։ IX դարից սկսած այստեղ իշխում էր Բագրատունիների մի ճյուղը, որը աստիճանաբար րնդարձակում է իր իշխանության սահմանները ու հզորանում։ 978 թ. Բագրատունիների այս ճյուղից Գուրգենը, որ կրում էր տեղական Կորիկե անունը, իրեն թագավոր է հռչակում։ Այս նոր թագավորությունը կոչվում էր Կորիկյան կամ Տաշիր֊Ձորագետի (Լոռու) թագավորություն, որի մայրաքաղաքը Լոռին էր։

Լոռի կամ Լոռե բերդաքաղաքը կառուցվել է X դարի 2-րդ կեսին։ Այն անառիկ դիրք ուներ և լեռնային ճանապարհով կապված էր մի կողմից Անիի, իսկ մյուս կողմից՝ Թիֆլիսի հետ։ X—XIII դարերում, գյուղատնտեսությունից բացի, Լոռում մեծ զարգացում էր ստացել արհեստագործությունն ու առևտուրը, որը կապված էր նաև պղնձի հանույթի, ձուլման ու մշակման հետ: Տաշիր—Ձորագետի կամ Լոռու թագավորությունը իր գոյությունը պահպանում է մինչև XIII դարը։ XIII դարում Հայաստանը մոնղոլների կողմից գրավվելով՝ 1236 թ. ավերվում է նաև Լոռի բերդաքաղաքը,