Այս էջը սրբագրված է

— Բարու տեր ըլիս, Բղմանչի աղբեր,— ասում ա ճամբորդը,— գնում եմ աստծու կուշտը գանգատ, որ ինձ անբախտ ա ստեղծել։

— Թե քու աստոծը կսիրես, եր աստծու կուշտը հասնուս, աստոծ մուրազդ տա, ինձ էլ միտդ րի. ասա, որ ճամփին մի խեղճ Բղմանչի ես տեհել, ասա՛, որ ճանճերն ու կրետնին, հաղողը հասնում ա թե չէ, ուտում են. ես էլ մի քյասիբ մարդ եմ, կարում չեմ յոլա գնալ. սրան ի՞նչ ճար կա։

— Ալքի՛ս վրա, Բղմանչի աղբեր,— ասում ա մարդն ու իր ճամփեն գնում։

Շատ ա գնում, թե քիչ, նրան մի էծ է ռաստ գալի։

— Բար աջողում, ա՛յ ճամփորդ աղբեր,— ասում ա Էծը.— խե՛ր ըլի, էդ ո՞րդի ես գնում։

— Բարու տեր ըլիս, Էծ աղբեր,— ասում ա մարդը,— գնում եմ աստծու կուշտը գանգատ, որ ինձ անբախտ ա ստեղծել։

— Թե քու աստոծը կսիրես, եբ աստծու կուշտը հասնուս, աստոծ մուրազդ տա, ինձ էլ միտդ րի. ասա՛, որ ճամփին մի Էծ տեհա. պոզերն էնղըդար վենձացել են, որ երգնքին դեմ են էլել, էլ կարում չի գլուխը կռացնել ու խոտ րածել։ Սրան ի՞նչ ճար կա: Թե որ կուզես, արի ես չոքեմ, մեջքս ի՛լ ու պոզերովս բձրացի աստծու կուշտը։

էս խոսքն ասում ա էծը, չոքում, մարդը նրա մեջքն ա ըլում, պոզերովը բձրանում, գնում աստծու կուշտը։ Հնգնում ա աստծու ոտներն՝ ղաչում, պղատում, որ իրան ռազի անե։

Աստոծն ասում ա.— Գնա՛, քու փայ դովլաթը ես ղրկել եմ։ Եդին գնա, որ եդնեն հասնուս։

Իծի հմա մի սղոց ա տալիս, որ պոզերը սղոցե։ Բղմանչու հմա ասում ա, որ իրան բաղը բղփորե, խազինա կգդնու։ Գիլի հմա էլ ասում ա, որ ճամփին մի շաշ մարդ կգդնու, նրան վերկոխե ուտե, գլխի ցավը անց կկենա։

էս մարդն աստծուց շնորհակալ ա ըլում, վեր ա ունում սղոցն ու Իծի պոզերովը դվեր գալիս։ Եբ որ գեդնին ա հասնում, սղոցով Իծի պոզերը կտրում ա ու ճամփա ընգնում վազում։

Գալիս ա գալիս, հասնում ա էն Բղմանչուն։ Բղմանչուն ասում ա, որ իր բաղը չիմ մի լավ արիմարե, բղփորե՝ խազինա կգդնու։

Բղմանչին ասում ա.— Ա՛յ աղբեր, եբոր էդ ղայդի լավ խաբար բերիր ինձ հմա, արի իրուր հետ փորենք, ինչ որ գդնունք, կիսումը կես անենք՝ կեսը քե, կեսը ինձ։