Այս էջը սրբագրված է

Միասնական լինելով հանդերձ՝ Լոռու խոսվածքի մեջ նույնպես նկատելի են բարբառային, քերականական ու հնչյունաբանական տարբեր շերտեր, որոնք արդյունք են պատմական տևական ժամանակաշրջանում տարբեր տեղաշարժերի ու միավորումների։

Լոռու հեքիաթները հարուստ են հրաշապատում (կախարդական) սյուժեներով ու մոտիվներով, որը վկայում է նրա բնակչության մեջ դարերի ընթացքում պահպանված ու փոխանցված աշխարհըմբռնման, հավատալիքների հնագույն գծերի մասին։ Լոռու հեքիաթները գեղարվեստական-արտահայտչական ուրույն երանգներ ունեն, որոնք անդրադարձնում են այդ ազգագրական շրջանի բնակչության հոգեբանության և բնավորության կոլորիտն ու առանձնահատկությունները։

Ինչպես նախորդ հատորներում, այս հատորում ևս պահպանված են «Հայ ժողովրդական հեքիաթների» գիտական հրատարակության համար ընդունված բնագրագիտական ընդհանուր սկզբունքները։

1. Պահպանվում է հեքիաթների պատումների ամբողջականությունը։ Բնագրերի նկատմամբ խմբագրական որևէ փոփոխություն (հապավում, հավելում և այլն) չի կատարված։ Ասացողների «սխալները»՝ սյուժետային գծից խոտորումներ, դեպքերի, դեմքերի, թվերի շփոթում և այլևայլ անհամաձայնություններ, չեն ուղղված, բայց դրանց մասին նշվում է ծանոթության կարգով։ Հեքիաթների վերնագրերը թողնված են այնպես, ինչպես սկզբնաղբյուրներում են, իսկ անվերնագիր լինելու դեպքում՝ վերնագրերը նշանակվում են և այդ մասին նշվում ծանոթության կարգով։

2. Հեքիաթների լեզուն չի փոփոխված, այսինքն թողնված է այնպես, ինչպես գրի է առել բանահավաքը ասացողից՝ պահպանելով, սակայն, նոր ուղղագրությունը։ Նույն ասացողի պատումներում հանդիպող միևնույն բառերի տարբեր գրությունները դարձվում են միօրինակ՝ հենվելով բարբառագիտական ճշգրիտ ձևի վրա։

3. Ճշգրտված և ուղղված են բնագրերի տրոհության և առոգանության նշանները, պարբերությունների և երկխոսությունների բաժանումը, ուղղակի խոսքերի կիրառումները։

4. Բացի հատուկ անուններից, բնագրերում մեծատառերով են դրվում կենդանական ու բուսական աշխարհի առանձին ներկայացուցիչների անունները, որոնք հեքիաթներում հանդես են