Էջ:Հովհաննիսյանի թարգմանած բանաստեղծություները.djvu/12

Այս էջը սրբագրված է

Բոլորն, ինչ որ մտածում է, բոլորն, ինչ որ գըլուխը գա,
Գրչով պատմե այն ամենը, ինչ դիզվել է յուր սրտում,
Ճշմարտություն միշտ քարոզե, բարի գործի մեծություն.
Լավ է նույնպես, թե կարող է, գրչով կծու խոսքերին
Պատասխանե — սուսերի պես կհարվածե չարերին։
Ես շատ անգամ ծաղր եմ լսում, բայց իմ ուսյալ թշնամուն՝
Սիրտս այրվում է, պատասխանի չունիմ բնավ զորություն
Եվ զուր տեղը ես տանջվում եմ, և հուզվում եմ, և դոդում,
Եվ միմիայն թղթի վրա անմիտ կերպով խազխզում.
Ինձ ծաղրում են, և ամոթու կարմրում են իմ այտեր…
Ես անգրագետ, ես անուս եմ… Սովորցըրե՛ք, պարոննե՛ր
Շատ լավ բան է գիր իմանալ։ Գրագետ է վաշխառուն.
Գրագետ են դատարանի ծառայողներն անկշտում.
Եռանդով էլ նոքա գրում են, նոցանն է դրախտն աշխարհի,
Իսկ այդ գրելն ի՜նչ փույթ, որ խեղճ մարդու հոգին պիտ հանի…
Շուտո՜վ, շուտո՜վ, գրի՛չ տվեք, սովորցըրե՚ք գործ ածել,
Կամիմ գըրել ազգիս համար, նորա համար աշխատել.
Եվ ես նորան կը պաշտպան եմ չարագործից, հիմարից,
Կարտագրեմ ավետարանն ես բոլորը ըսկզբից…
Ա՜յ դու, սագ իմ ճերմակթևիկ, քեզ տվել եմ կերակուր,
Քեզ սիրել եմ — փոխարենը թևիցդ ինձ մի գրիչ տո՛ւր.
Սիրո՛ւն դու սագ, տո՛ւր, խնդրում եմ, ինձ թռչելու զույգ թևեր,
Ուր ամենքը գըրագետ են, Սովորցըրե՛ք, պարոննե՛ր։
1886


                  (Պրերադովիչից)
Ցոլուն աստղերը կապույտ երկնքում
Երգում են անուշ միասին խմբված,—
Եվ ըզգուշությամբ կամաց են երգում
Որ չզարթեցնեն երկիրը նիրհած.
Ա՜խ, ամբողջ օրը շրջող ոտներից,
Անվերջ աշխատող կուռ բազուկներից,
Ամուր բաբախող մարդկանց սրտերից
Խեղճ մայր-երկիրը սաստին է հոգնած…
1886