Էջ:Հովհաննիսյանի թարգմանած բանաստեղծություները.djvu/24

Այս էջը սրբագրված է

Նա հիմա իսկ զոհ կըլինի չար մահվան։
Ամեն մի ժամ նա սպասում էր քո դարձիդ.
Եվ հավատով վստահ էր միշտ խոստմունքիդ.
Եվ աննըկուն նորա այն սերտ հավատքին
Բռնակալի ծաղրը չհաղթեց դառնագին»։

«Եթե արդեն ուշ է և էլ չեմ հասնի,
Որ ես նորան իբր ազատիչ մոտենամ,
Կերթամ, որ գեթ մահով նորան միանամ։
Եվ արյունռուշտ բռնավորը չըպարծի,
Թե դրժող եմ ընկերական ես ուխտի.
Արդ նա երկո՛ւ կյանքի դահիճ թող դառնա
Ուխտանըվեր լոկ թող սիրո հավատա»։

Արեգակը մայր է մտնում, և ահա
Խաչը արդեն նշմարում է նա կանգնած,
Նորա շուրջն էլ խուռն ամբոխը բերան բաց —
Բարեկամին բարձրացնում են խաչի վրա,
Պատառում է խուժանը նա շրջակա
Եվ որոտում. «Ի՜նձ, ո՛վ դահիճ, դու կախի՛ր.
Այստեղ եմ ես, իմ պատանդիս արձակի՛ր»։

Եվ բազմությունն ապշեց, մընաց հիացած.
Եվ գրկախառն ընկերներն են համբուրվում
Ու վշտից ու բերկրությունից արտասվում։
Արցունքներից և ամբոխի աչքն է թաց,
Արքային էլ անցքն հայտնեցին չըլսված.
Մի մարդկային զգացմունք նորան համակեց,—
Յուր մոտ գալու նոցա հրաման արձակեց։

Եվ սքանչացած արքան նայում երկուսին
Ու ասում է. «Հաղթությունը դուք տարաք,
Դուք՝ որ հիմա իմ սրտին էլ տիրացաք.
Հավատարմությունն ահա չէ՛ ցընորք սին,
Եվ թե հավան կլինիք իմ աղերսին,
Ձեր մեջ նաև ինձ բարեկամ դուք առե՛ք —
Երկու էիք, այժըմ լինինք մենք երեք»։
1895