Էջ:Հովհաննիսյանի թարգմանած բանաստեղծություները.djvu/29

Այս էջը սրբագրված է

Գտա նոր բերած ես ձկան փորին։
Ո՜հ, ի՜նչ անսահման բախտ է քեզ շնորհված»։

Եվ հյուրը դարձավ, սրտումն ահ ու դող.
«Էլ այստեղ», ասաց,— «մընալ չեմ կարող.
Այլևս բարեկամ դու չես ինձ համար —
Կորուստդ են խնդրում աստվածներն երկնից.
Փախչում եմ՝ քեզ հետ մեռնելու վտանգից»։
Եվ շուտ նավ նստավ. ընկավ ճանապարհ։
1895


                    (Ցեյզեից)

Մի՛ ափսոսիր անցած օրերիդ,
Էլ մի՛ ցանկար դու դարձը նոցա.
Չըդառնանա թող վշտից հոգիդ,
Թե վաղեմի բախտըդ միտըդ գա։

Մի՛ ափսոսիր. ետ չես բերելու
Ինչ որ եղել, գնացել է արդեն.
Շուտո՛վ, շուտո՛վ, քո ճամփան հեռու
Ոտ դի՛ր, ընկե՛ր, կազմ ու սպառազեն։

Տեսնո՞ւմ ես ծովն առաջիդ հուզված.
Օն, շուտ հառա՛ջ, նավակդ է սպասում…
Վա՜յ և նոցա, որ կյանքին անցած
Վհատ հոգով նզովք են ասում։

Իսկ դու, ընկե՛ր, ազատ, համարձակ
Դու ծովն ընկի՛ր ու մի վախենա.
Եվ եթե քեզ ըսպառնան անհագ
Կատղած ալիք, կռվի՛ր ու հուսա՛։

Եվ հավատա՛ — երկիրն ավետյաց
Նոքա մի օր քեզ պիտի հանեն.
Ազատություն ու սերդ երազած
Այնտեղ բաժին քեզ պիտի լինեն։