Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/21

Այս էջը սրբագրված է

առանձին Հարաւ-Արեւմտեան մուսուլմանական հանրապետութիւն, իբրեւ չորրորդ (կամ հինգերորդ, եթէ հաշւի՝ առնենք նաեւ Դաղստանը) անդամ Անդրկովկասեան Դաշնակցութեան․ հակառակ դէպքում կը գերադասէին, որ Աջարիան կցւի Թիւրքիային ու յամենայն դէպս համաձայն չէին Վրաստանին տալու. ինչ վերաբերում է Ղարսին ու Արդահանին, ազրբէյջանցիները կանգնած էին անվերապահօրէն թուրքական տեսակէտի վրայ․ սրանք թուրքական հողեր են ու պէտք է յանձնւին Թիւրքիային:


Թուրքերը շատ լավ տեղեակ էին այս ներքին անհամաձայնութիւնների մասին ու պինդ կանգնած էին իրանց պահանջների վրայ:


Կար եւ մի ուրիշ պահանջ, որ երկար վիճաբանութիւնների առարկայ եղաւ․ թուրքերը պնդում էին, որ Անդրկովկասը պիտի յայտարարի իր անջատումը Ռուսաստանից, որպէսզի կարելի լինի դաշն կնքել նրա հետ:


Անդրկովկասցիները առարկում էին, թէ Անդրկովկասը փաստօրէն անջատւած է արդէն ու փաստօրէն անկախ է, բայց թուրքերը իրաւացիօրէն պատասխանում էին, թէ միջազգային դաշինք ստորագրելու համար բաւական չէ փաստային կացութիւնը, հարկաւոր էր նաեւ իրական դրութիւն, որ ձեռք է բերւում միայն որոշ ձեւականութիւններ կատարելուց յետոյ:


Անպտուղ վիճաբանութիւնները շարունակւեցին մի ամբողջ ամիս:


Թուրքերի համար անձեռնտու չէր այս ձգձգումը (հակառակ պարագային նրանք ամէն հնարաւորութիւն ունէին շատ կարճ կտրելու). ժամանակն անցնում էր, մեր ռազմական ոյժն ու դիմադրական կարողութիւնը շարունակ պակասում էր, թուրքերինը՝ աւելանում:


Իրողութիւնն այն էր, որ մինչդեռ Տրապիզոնում պատւիրակութիւնները նիստերի Էին հաւաքւում ու անվերջ թղթեր գրում իրար, թուրքական բանակը անարգել շարունակում էր իր առաջխաղացումը: Մարտի վերջերին գրաււած էր արդէն էրզրումը, իսկ Ապրիլի առաջին օրերին՝ Բաթումը:


Բայց եւ այնպէս, Սեյմը դեռ չէր ուզում ճանաչել իր պարտութիւնը, չէր վճռում անձնատուր լինել: Երբ պարզւեց վերջնականապէս, որ թուրքերը մտադրութիւն չունեն ոչ մի զիջում անելու Բրեստ-Լիտօվսկեան դաշնագրի պայմաններից, Սեյմը ետ կանչեց իր պատւիրակութիւնը, Տրապիզոնի բանակցութիւնները խզւեցին (երեւոյթները փրկելու համար, պատւիրակութիւնները այդ խզումը ժամանակաւոր ընդհատում անւանեցին):


14. Ներքին անհամաձայնութիւնները ու միմեանց բացասող հակումները, որ առաջին օրւանից արդէն գոյութիւն ունւին Սեյմի ու Դաշնակցական կառավարութեան ներսում, այժմ հրապարակ էին եկել շատ շեշտւած կերպով: