Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/23

Այս էջը սրբագրված է

Բայց իրականացնել այդ որոշումը չէր տրւած մեզ, որովհետև, մենք չէինք դրրութեան տէրը, ոչ իսկ մեր սեփական բախտի տէրը:


Վրացիների տատանումները երկար չտեւեցին. գերմանօթուրքական թեւը յաղթանակեց եւ այդ յաղթանակի առաջին արտայայտութիւնը եղաւ այն, որ Ապրիլի 22ին Սեյմը հանդիսաւորապէս յայտարարեց Անդրկովկասի անջատումը Ռուսաստանից:


Այս առթիւ վրացի ու թաթար լիդերները խանդավառ ճառեր արտասանեցին Սեյմում․ դաշնակցական ֆրակցիան միացաւ անջատման առաջարկին առանց ճառի, մի հատիկ կարճ ու զուսպ նախադասութիւնով:


Հեշտ սրտով չէր, որ մենք արինք այդ․ բայց չանել չէինք կարող: Եթէ հակառակ արտայայտւէինք, Անդրկովկասեան դաշնակցական Հանրապետութիւնը իսկոյն պիտի քանդւեր, վրացիներն ու ազրբէյջանցիներն իսկոյն պիտի հաշտւէին թուրքերի հետ ու թողնէին մեզ մենակ երես առ երես Վէհիպ փաշայի բանակի դէմ — մէնակ, որովհետեւ Ռուսաստանը (ոչ բօլշեւիկեանը, ոչ հակաբօլչեւիկեանը) այն ժամին չէր կարող հասնել օգնութեան, եթէ նոյն իսկ կամենար: Ոչ միայն մենակ, այլ նաեւ թիկունքից մեծապէս վտանգած, որովհետեւ պարզ էր, որ թուրքերի հետ միասին մեզ պիտի զարնէին նաեւ ազրբէյջանցիները (ո՞վ գիտէ, գուցէ եւ վրացիները՝ Ախալքալաքը, Լոռին ու Փամբակը ամբողջովին գրաւելու համար):


Մենք ամենքից աւելի կարիք ունեէինք Անդրկովկասեան Դաշնակցութեան, չէինք ուզում որ նա քանդւի, իսկ եթէ քանդւելու է — որքան կարելի է ուշ քանդւի: Ահա՛ թէ ինչու հարկադրւած էինք հետեւելու մեր դաշնակից-դրացիների քայլերին:


15. Ապրիլի 25ին ընկաւ Ղարսը: Ընկաւ համարեա առանց կռւի, որովհետեւ Թիֆլիսից ստացւել էր հրաման՝ յանձնել բերդը Թուրքերին: Այս դաւադրական հրամանը արւած էր առանց մեր գիտութեան ու առաջ բերեց այնպիսի զայրոյթ հեղինակների դէմ, որ դաշնակցական Հանրապետութեան քանդումը կարող էր տեղի ունենալ այդ օրն եւ եթ:


Բայց փաստը կատարւած էր արդէն․ ռազմագիտական ամենակարեւոր կէտը, մեր ճակատը պաշտպանելու միակ ամուր յենարանը — Ղարսի բերդը — թուրքերի ձեռին էր: Տատանւելու ու դանդաղելու տեղ չէր մնացել այլեւս: Սեյմը որոշեց անմիջապէս վերսկսել Տրապիզոնում ընդհատւած բանակցութիւնները, համաձայնելով ընդունել իբրեւ ելակետ Բրեստ-Լիտօվսկա պայմանագիրը:


Բանակցութիւնները վերսկսեցին Բաթումում (ուր թուրքերը հաստատւել էին արդէն), մայիսի առաջին օրերին:


Բայց թուրքերը փոխել էին արդէն լեզուները․ Բրեստ-Լիտօվսկի դաշնը այլեւս չէր բաւականացնում նրանց: Ասում էին Տրապիզոնից յետոյ մենք նոր արիւն ենք թափել, պէտք է հատուցում ստանանք: Ու պահանջում էին հողային նոր զիջումներ, գլխաւորապէս Հայաստանի