Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/31

Այս էջը սրբագրված է

դեմոկրատական սիստեմով (ընդհանուր, հաւասար, ուղղակի ու գաղտնի ձայնտւութիւն, համեմատական ներկայացուցչութիւն)․ բայց տարօրինակ էր ու վհատեցուցիչ այդ իբր թէ ժողովուրդավարական հաստատութեան կազմը 80 անդամից 72- այսինքն՝ ճիշտ 90 առ 100 — դաշնակցականներ էին... միւս քաղաքական կուսակցութիւններից ներկայ էր միայն սօցիալիստ-յեղափոխականը, որը գրաւել էր ընդամէնը չորս տեղ:


Մենք, դաշնակցականներս, երեւել էինք՝ տարած յաղթանակով: Չէինք հասկանում, որ այդպիսի կազմ ունեցող պարլամենտը պարլամենտ չէ, այլ միայն պարլամենտի ծաղրանկար: Չէինք հասկանում, որ դա մի սոսկալի ապացոյց է, թէ ո՛ր աստիճանի անպատրաստ է մեր ժողովուրդը պետական կեանքի համար, որ աստիճանի տգէտ է ու անփոյթ՝ իր քաղաքական իրաւունքների հանդէպ: Չէինք հասկանում, որ մեր դաւանած դեմոկրատական իրաւակարգը չի կարելի հաստատել այդպիսի ընտրութիւնների վրայ: Չէինք հասկանում, որ մեր յաղթանակը հաղթանակ չէր, այլ կատարեալ պարտութիւնը, որ 72 մարդ նստեցնելով պարլամենտում, մենք կորցնում էինք մեր ոտի տակի հողը, դեմօկրատիզմի հիմքը: Չէինք հասկանում, որ վերցնելով մեր ձեռը անբաժանելիօրէն ամբողջ իշխանութիւնը, մեզ վրայ էինք վերցնում նաեւ ամբողջ պատասխանատւութիւնը եւ որ այդ բեռի տակից պատւով դուրս գալու համար՝ չունէինք հարկաւոր ոյժն ու պատրաստութիւնը: Չէինք հասկանում, որ մեր սեփական դաստիարակութեան համար մեծ կարիք ունէինք, որ մի զօրեղ օպօզիցիա կանգնած լինէր մեր կողքին, միշտ զգաստ պահէր մեզ, ի կարգ հրաւիրէր եւ թոյլ չտար, որ դուրս գայինք օրէնքի ու իրաւասութեան սահմաններից: Չէինք հասկանում, վերջապէս, որ փոխադրելով մեր կուսակցական նիստերը պարլամենտական սրահն ու կառավարութեան շէնքը՝ մեռնում էինք կուսակցականօրէն...


Պարլամենտ չկար Հայաստանում, մի դատարկ ձեւ էր առանց պարունակութեան:


Պետական հարցերը քննութեան էին առնւում ու լուծւում դռնփակ, դաշնակցական ֆրակցիայի սենեակում, ու ապա յայտարարւում պարլամենտի ամբիոնից: Իրօք չկար եւ պարլամենտական ֆրակցիա, որովհետեւ սա դրւած էր Դաշնակցութեան բիւրօի խիստ հսկողութեան տակ ու պարտաւոր էր կատարելու նրա հրամանները: Չկար եւ կառավարութիւն․ սա եւս ենթարկւած էր բիւրօին, բիւրօի մի տեսակ գործադիր մարմինն էր պետութեան մէջ: Բօլշեւիկեան սիստեմ էր սա: Բայց այն, ինչ որ բօլշեւիկները անում են հետեւողականօրէն ու բացայայտ, մենք աշխատում էինք քողարկել դեմօկրատական ձեւերի տակ:


25. 1920թ. Մայիսի առաջին օրերին տեղի ունեցան բօլջեւիկեան ցոյցեր ու ապստամբութեան փորձեր: