Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/52

Այս էջը սրբագրված է

վէրքերը բուժելու մասին մտածելու։ Իսկ եթէ մէկը չուզեց ճանաչել մեր այդ իրաւունքը, չհաւանեց բռնած դիրքին — թո՛ղ չհաւանի:


ՄԻ քայլ էլ առաջ գնամ, որպէսզի միտքս լրիւ պարզած լինեմ:


Ես ինձ հարց եմ տալիս․ Եթէ — ինչ որ հրաշքով — ինձանից ու միայն ինձանից կախւած լինէր բօլշեւիկների գոյութիւնը Հայաստանում, եթէ բաւական լինէր իմ մի մատի շարժումը, որպէսզի բօլշեւիկները մի ակնթարթում անհետանային մեր երկրից — կանէի՞ արդեօք այդ շարժումը: Ու պատասխանում եմ առանց տատանւելու. ո՛չ, չէի անի: Ոչ միայն չէի անի, այլեւ ձեռս կկտրէի, որպէսզի երազիս մէջն անգամ՝ պատահաբար կամ սխալմամբ չանեմ այդ շատ վտանգաւոր շարժումը:


Բօլշեւիկները՝ քաղաքական ներկայ պայմանների մէջ՝ պէտք են Հայաստանին եւ չկայ մի ուրիշ ոյժ, որ կարողանար փոխարինել նրանց — ահա՛ ճշմարտութիւնը:


Մեր պետական կեանքի առաջի օրերից իսկ մենք լաւ հասկանում էինք, որ Հայաստանի պէս մի փոքրիկ, աղքատ, աւերւած ու աշխարհից կտրւած պետութիւն, չի կարող իրօք անկախ ու ինքնակալ լինել, որ հարկաւոր է մի նեցուկ, մի դրսի ոյժ, որի վրայ նա կարողանայ յենւել — գոնէ իր գոյութեան առաջին շրջանում, մինչեւ կազմակերպւելն ու ոյժերը հաւաքելը:


Այդպիսի մի նեցուկ մենք որոնեցինք հեռաւոր Ամերիկայում, ապա Եւրոպայում: Արդիւնքը գիտէք: Եթէ երկու-երեք տարի առաջ դեռ կարող էինք որոշ յոյսեր ունենալ, այսօր այդ կարգի յոյսեր չկան այլեւս ու յամառելը՝ յանցաւոր միամտութիւն կլինէր մեր կողմից:


Չգիտեմ, ինչ անակնկալների առաջ է դնելու մեզ հեռաւոր ու անյայտ ապագան․ բայց ներկան ու այսօրւանից տեսանելի ապագան պարզ է միանգամայն: Մեզ համար երկու իրական ոյժ կայ այսօր, որ հաշւի պիտի առնւեն. Ռուսաստանն ու Թիւրքիան: Իրերի բերմամբ մեր երկիրը այսօր ռուսական օրբիտի մէջ է ու՝ խոշոր չափերով՝ ապահովւած Թիւրքիայից: Եթէ վերացւի ռուսական հեգեմօնիան, նրան անխուսափելիօրէն պիտի փոխարինի թուրք-թաթարական հեգեմօնիան:


Ռուսաստանը կամ Թիւրքիան, բօլշեւիկները կամ միլլիականները — ուրիշ ընտրութիւն չունենք անելու:


Եւ երբ կանգնած ենք այդպիսի ալտերնատիւի առջեւ, տատանումներ՝ թւում է ինձ՝ տեղի չպիտի ունենան. իհարկէ, Ռուսաստանը եւ ոչ Թիւրքիան, իհարկէ, բօլշեւիկները եւ ո՛չ միլլիականները։ Եթէ ընտրութիւնը այդքան սահմանափակ չլինէր, մենք շա՛տ առարկութիւններ կունենայինք անելու Ռուսաստանի դէմ առհասարակ ու Բօլշևիկեան ռեժիմի դէմ յատկապէս: Բայց մեր երկրի դժբաղտ աշխարհագրական դիրքը կապում է մեր ձեռներն ու ոտները:


Հայաստան պէտք ունի բօլշեւիկներին, որովհետեւ պէտք ունի Ռուսաստանին: