Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/72

Այս էջը սրբագրված է

Հասկացիր ինձ. դաշնակցական կազմակերպութիւնն է, որ դատապարտւած է մահւան (աւելի ճիշտը՝ մեռած է արդէն). բայց գործը մնում է կենդանի:


Ասում ես Հայաստան անկախ չէ:


Ի հարկէ, անկախ չէ: Բայց համեմատիր (անկախութեան տեսակէտից) իրերի այսօրւայ դրութիւնը նախապատերազմական դրութեան հետ եւ տես, թէ ինչ մեծ թռիչք է կատարւած:


Յիշի՛ր պատերազմի նախօրեակին ինչ ոգեւորութիւնով ողջունում էինք Եւրոպական «կօնտրօլէօրներ» հաստատելու ծրագիրը թուրքահայ վիլայէթների մէջ եւ թէ ինչպէս երազում էինք զեմստւօյական ինքնավարութիւններ ստանալ Անդրկովկասեան Հայաստանի համար... բայց չէ՞ որ Մեասնիկեանի կամ Լուկաշինի կառավարութիւնը մի քիչ աւելի է, քան եւրոպացիների վերհսկողութիւնը թուրքահայ վիլայէթների վրայ կամ զեմստւօյական Հաստատութիւնները Անդրկովկասում:


Տարբեր խնդիր է, թէ այդ «աւելին» չի համապատասխանում մեր կորուստների ու զոհաբերութիւնների չափին: Դրա մասին մենք պիտի մտածէինք 1914 թւին, երբ կազմում էինք կամաւորական խմբեր. աւելի առաջ — երբ հիմնադրում էինք Դաշնակցութիւնը է՛լ աւելի առաջ — երբ ոգեւորւում էինք Րաֆֆիի վէպերով ու Գամառ—Քատիպայի «ազատ երգերով»...


Անկախ չէ Հայաստանը, այո, բայց մի շատ մեծ քայլ է արել դէպի անկախութիւնը եւ հետեւեալ քայլը անելու համար պէտք է ամրացնի արդէն նւաճած դիրքերը:


Այդ ամրացումը կատարւելու է (ու կատարւում է) բօլշեւիկեան դրօշակի տակ — ահա թէ ինչու հայ բօլշեւիկները մեր ժառանգներն են:


Ես չեմ ճանաչում հայ բօլչեւիկներին, չունեմ անձնական ծանօթութիւններ, հեռուից էլ հնարաւորութիւն չունեմ հետեւելու նրանց գործունէութեանը, չգիտեմ իշխող մտայնութիւնը. Սրտիս խորքում մի յամառ հաւատ ունեմ, թէ նրանք էլ ինձ պէս ու իմ չափ հայ մարդիկ են... կօմմունիզմը՝ ինքնըստինքեան արգելք չէ հայերէն զգալու ու Հայերէն մտածելու համար: Չէ՞ որ ես էլ հաւատացեալ կօմմունիստ եմ, դաւանում եմ կրապօտկինի աւետարանը, բայց այդ աւետարանը ոչ միայն չի արգելում ինձ հայ լինել, այլեւ նոր ու զօրեղ հիմնաւորումներ է տալիս իմ ազգային անհատականութիւնը հաստատելու համար: Գիտեմ, որ իմ դաւանած կօմմունիզմը բօլշեւիկների պետական կօմմունիզմը չէ եւ որ բօլշեւիկները հաճոյքով կտրում են ինձ նման արատաւոր կօմմունիստների գլուխը: Բայց սա կապ չունի նրանց «հայ» լինելու աստիճանի հետ: Պակա՞ս «ռուս» մարդիկ են ռուս բօլշեւիկները: Ոչ միայն «պակաս» չեն, այլ իսկական ռուս մարդիկ են ռուս, ազգային