Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/16

Այս էջը հաստատված է

զուգակցում արտահայտության լիակատար ազատության հետ,— ահա այդ թարգմանությունների հիմնական արժանիքները։ Չարենցի շնորհիվ Գորկու խոսքը հայերեն հնչում է այնքան բնական և անկաշկանդ, որ վերանում է թարգմանական ամեն մի պայմանականություն և թվում է, թե այդ երկերը հենց սկզբից էլ հայերեն են եղել և ոչ թե թարգմանվել մի այլ լեզվից իրոք, այստեղ մենք գործ ունենք ստեղծագործական տարբեր անհատականությունների հազվագյուտ երջանիկ և իմաստալից հանդիպման հետ։ Երիտասարդ Գորկու բանաստեղծություններն ու լեգենդները իրենց ռոմանտիկ հզոր թափով համընկան Չարենցի բացառիկ հարուստ և բազմակողմանի ստեղծագործական նկարագրին, որի մեջ 30-ական թվականներին ևս շատ ուժեղ էր ռոմանտիկ շերտը, թեև այդ ժամանակ նա արդեն մշակել և կիրառում էր ռեալիստական ոճի ամբողջական և լիարժեք համակարգ։

Չարենցի թարգմանությունները կարող են դառնալ մի ամբողջ մեծ ուսումնասիրության նյութ, կարող են օգնել պատասխանելու թարգմանության տեսությանը այսօր էլ հուզող և վեճեր հարուցող շատ հարցերի։ Առաջաբանի սեղմ շրջանակները հնարավորություն չեն տալիս անդրադառնալու չարենցյան թարգմանության բոլոր կողմերին, ինչպես լեզվի ազգային երանգների վերարտադրության, ճշգրտության և թարգմանական ազատության, հեղինակի և թարգմանչի ոճերի փոխհարաբերության և այլ խնդիրներ։ Չարենցի թարգմանական վարպետության բազմազան կողմերից մենք այստեղ կքննենք միայն