յանի աշխատանքների վահանակը՝ «Բանաստեղծություններ և լեգենդներ» գրքի նկարազարդումներով։
Համագումարի ժամանակ Եղիշե Չարենցը հնարավորություն ունեցավ մոտիկից շփվելու Գորկու հետ: Դրանից առաջ նրանք անձամբ հանդիպել էին միայն մեկ անգամ՝ 1928 թ. հուլիսին, երբ Մ. Գորկին այցելեց Սովետական Հայաստան։ Ինչպես հաղորդում է ժամանակի մամուլը («Խորհրդային Հայաստան», 1928, № 174), Երևանում Գորկուն դիմավորողների մեջ եղել է նաև Եղիշե Չարենցը, որը նրան նվիրել է «Երկիր Նաիրի» վեպի ռուսերեն հրատարակության օրինակը։ Գորկին խոստացել է գրել իր կարծիքը այդ գրքի մասին, որն սկսել է կարդալ դեռ Իտալիայում։ Եվ ահա վեց տարի անց հայ բանաստեղծը նորից էր տեսնում մեծ գրողին, լսում էր համագումարում նրա զեկուցումն ու ելույթները, որոնք կոչված էին դառնալու ուղենիշներ ողջ սովետական գրականության հետագա զարգացման համար։
Այդ օրերին Գորկին իր ամառանոցում հերթրվ ընդունում և զրուցում էր միութենական հանրապետությունների գրողների հետ։ Օգոստոսի 24-ի զրույցի ժամանակ հայ գրողներից ներկա են եղել Ա. Շիրվանզադեն, Ե. Չարենցը, Վ. Ալազանը և Դ. Սիմոնյանը։ Հրաշքով պահպանվել է այդ հանդիպման մի «իրեղեն ապացույց». դա Մաքսիմ Գորկու ստվարաթղթե ծխախոտատուփն է, որն իբրև հիշատակ վերցրել է Չարենցը և այժմ գտնվում է նրա Տուն-թանգարանում։ Տուփի վրա Չարենցը գրել է. «Մ. Գորկո ծխախոտի տուփը։ Մոսկվա, 1934 24 . VIII «Մորոզովների» ամառանոց»։