Վերջին անգամ Չարենցը Գորկուն տեսավ մեկ տարի հետո՝ 1935 թ. հուլիսի 9-ին, երբ Մաքսիմ Գորկին իր ամառանոցում Ռոմեն Ռոլանի ժամանման առթիվ կազմակերպված ընդունելությանը հրավիրում է գրողների և քննադատների մի մեծ խումբ։ Հայ գրողներից այդ հանդիպմանը ներկա են եղել Ե. Չարենցը և Վ. Ալազանը։
Սակայն, դառնալով մի փոքր ետ, պետք է կանգ առնել Գորկու ստեղծագործության նկատմամբ Չարենցի բուռն հետաքրքրության մի ուրիշ կարևոր փաստի վրա։ Այն վերաբերում է միևնույն 1934 թվականին, որը Չարենցի կյանքի տարեգրության մեջ կարող է կոչվել «Մաքսիմ Գորկու տարի»։ Խոսքը Մ. Գորկու «Դոստիգաև և ուրիշները» դրամայի թարգմանության մասին է։ Դա մեծ գրողի վերջին դրամատիկական երկերից մեկն է, որն իր սյուժեով և մի շարք կերպարներով ուղղակի շարունակում է «Եգոր Բուլըչով և ուրիշները» դրաման, պատկերում է 1917 թ. հեղափոխական դեպքերը՝ հուլիսից մինչև հոկտեմբեր։ Գորկու նոր պիեսը տպագրվեց 1933 թ. և անմիջապես գրավեց Չարենցի ուշադրությունը, որը թարգմանեց այն Հայաստանի Առաջին պետական թատրոնի համար: Այդ թատրոնը, որը 1933 թ. մայիսին մեծ հաջողությամբ բեմադրել էր «Եգոր Բուլըչով և ուրիշները» դրաման (Տ. Հախումյանի թարգմանությամբ), շուտով ձեռնամուխ եղավ Գորկու նոր պիեսին, որի թարգմանությունը հանձնարարվեց Ե. Չարենցին։ Թարգմանությունը, ըստ երևույթին, կատարվել է 1934 թ. առաջին ամիսներին, քանի որ այդ թվականի մայիսի 12-ին արդեն տեղի է ունեցել բեմադրու-