Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/29

Այս էջը հաստատված է

տեղ-տեղ նաև սինտաքսիսը, բայց ոչ այն աստիճան, որ վնասվի հայերենը»։ Չարենցն իր գրությունը ավարտում է մի խնդրանք-առաջարկով, որը ցույց է տալիս, թե ինչքա՜ն շահագրգռված էր բանաստեղծը իր թարգմանության հետագա բարելավման մեջ։ «Առհասարակ շատ լավ կլիներ,— գրում է Չարենցը,— եթե թույլ տրվեր մի երկու անգամ ներկա լինել փորձերին և, եթե կենդանի խոսակցության ընթացքում երևան գան թերություններ — խմբագրել տեղնուտեղը։ Սիրով կընդունեմ նաև ռեժիսորի և դերակատարների դիտողությունները, սակայն կատեգորիկ կերպով խնդրում եմ առանց իմ գիտության և համաձայնության տեքստում լեզվական փոփոխություններ չմտցնել»։ Ահա թե ինչքա՜ն բծախնդիր էր Չարենցը Գորկու պիեսի թարգմանության գործում։

Անսովոր ճակատագիր ունեցավ «Դոստիգաևի» չարենցյան թարգմանությունը։ Հաջողությամբ բեմադրվելով Սովետական Հայաստանի լավագույն թատրոնում, թարգմանությունն այն ժամանակ չտպագրվեց, իսկ հետո մի քանի տասնամյակ անհետացավ թատրոնի և հրատարակիչների տեսադաշտից։ Երկար ժամանակ ստիպված էինք ցավով մտածել, թե Չարենցի այդ աշխատանքը, երևի, անդառնալիորեն կորել է։ Սակայն վերջերս, բարեբախտաբար, գտնվեց թարգմանության հեղինակային ստուգված և ուղղված օրինակը։ Պարզվեց, որ երկար տարիներ այն խնամքով պահվել է հայ-ռուսական գրական փոխհարաբերությունների, առաջին հերթին՝ Մաքսիմ Գորկու և հայ մշակույթի կապերի ուսումնասիրության բնագավառում մեծ վաստակ ունեցող գրականագետ, բանա-