ձևավորվող անհատի պաշտամունքի սկզբնական շրջանում, մենք զգում ենք մեծ բանաստեղծի ներքին տագնապը սովետական գրականության մեջ նման երևույթների հնարավոր բազմացման նկատմամբ։ Անշուշտ, Չարենցը չափազանցնում էր իրողությունը, երբ Գորկուն համարում էր իր գրական ոճն ու կերպարանքը ունեցող միակ ժամանակակից գրողը։ Բայց այդ չափազանցության հոգեբանական հիմքերը միանգամայն պարզ են։ Բանաստեղծի տագնապն ու դժգոհությունը բխում էին գրականության ստեղծագործական հարստության ու բազմազանության նկատմամբ ազնիվ մտահոգությունից։
1936 թ. հունիսի 18-ին Մաքսիմ Գորկին վախճանվեց։ Այդ լուրը խորապես ազդեց Եղիշե Չարենցի վրա, որի արտահայտությունն են մեծ գրողի մահվան առթիվ նրա գրած երկու հողվածները. «Մեծագույն կորուստ» (ռուս. «Կոմունիստ», 20 հունիսի, 1936թ № 140) և «Հանճարների և աստղերի ուղին (Ալեքսեյ Պեշկովի հիշատակին)» («Խորհրդային Հայաստան», 24 հունիսի, 1936 թ., № 144)։ «Գորկին,— ասված է առաջին հոդվածում,— իր մեջ հավաքում էր խորհրդային մշակույթի ողջ լավագույնը, հանձնում էր այն ողջ աշխարհին։ Սրա մեջ էր Գորկու հատուկ նշանակությունը։ Կուլտուրական մարդկության լավագույն մասը մեր Միությունից դուրս Գորկու մեջ տեսնում էր նոր աշխարհի կուլտուրայի առաջնորդին, որը աշխատավորների ազնիվ պոտենցիան կոչում էր դեպի կոմունիստական ապագան»։
Երկրորդ հոդվածը՝ «Հանճարների և աստղերի ուղին», արդեն ոչ թե մեծ գրողի մասին ասված ցա-