լեգենդների հերքումից գնալ դեպի նրա գրական դիմանկարի գծագրում (հիշենք Ֆրանց Մերինգի «Լեգենդ Լսսինգի մասին» գիրքը, Պոլ Լաֆարգի «Լեգենդ Վիկտոր Հյուգոյի մասին» պամֆլետը):
Բայց ի՞նչ լեգենդների մասին է խոսքը։ Չարենցը հիշեցնում է մեծ գրողի գրական մուտքը, երբ անցյալ դարի վերջին «Մաքսիմ Գորկի» անունը «կայծակի արագությամբ սավառնեց ամբողջ աշխարհի վրա, երկրագնդի բոլոր մասերում», նաիրյան Կարսից մինչև Սան-Ֆրանցիսկո, երբ երիտասարդ գրողի կերպարանքը «կայծակի պես փայլատակեց մի օր մարդկային կյանքի մթին երկնքում և ընդմիշտ դրոշմված մնաց միլիոնավոր մարդկանց հիշողության մեջ, իբրև սոցիալական ծովի զարհուրելի խորքից իր հանճարի ուժով մինչև արևի լույսը բարձրացած մի հրաշալի կյանքի խորհրդանիշ»։ Այդ ժամանակ էլ բուրժուական քննադատության մեջ հյուսվեց «հանճարեղ բոսյակի», «սոցիալական հատակի վունդերկինդի» մասին մի «սենտիմենտալ լեգենդ»։ Ոմանք փորձեցին բթացնել Գորկու սոցիալական ինքնագիտակցությունը, «դնել իրենց կաղապարի մեջ, արդուկել, լիզել, դարձնել սովորական «ինքնուս հանճարի» մի նմուշ», ներշնչել նրան այն միտքը, թե միայն իրենց «խորհուրդներով շարժվելու դեպքում նա կդառնա մե՜ծ. արվեստագետ.»: Բայց այդ ճիգերն ապարդյուն անցան: Ինչպես գրում է Չարենցն իր հոդվածում, «Գորկին իր ֆենոմենալ աշխատասիրությամբ և ոգու հավասարակշռությամբ՝ շատ շուտով ոչ միայն հասկացավ ու մերժեց այդ սենտիմենտալ ամպլուան... այլև, առասպելական արագությամբ