Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/35

Այս էջը հաստատված է

տիրապետելով մարդկային մշակույթի բոլոր բնագավառներին, ինքը դարձավ «պետ» և «օրենսդիր» մի նոր գրականության և հոգեբանության...»։ Գորկու այդ հաղթարշավը ոչ միայն նրա «կամքի, սոցիալական ինքնության և ուժի» արդյունքն էր, նշում է Չարենցը, այլև ուղղակի կապված էր «Ռուսաստանի բանվորության հեղափոխական կազմակերպվածության ու կուլտուրական վերելքի» հետ։ Ահա թե ինչու բանվորական շարժումը, բոլշևիկյան մամուլը հանձին Գորկու «ողջունում էր նոր աշխատավոր պրոլետարական մարդկության երգչին և այդ մարդկության գալիք անպարտելի հաղթանակների մարգարեին...»։

Երկրորդ լեգենդը, որին անդրադառնում է Չարենցը, ստեղծվեց արդեն դարասկզբին՝ Մաքսիմ Գորկու քաղաքական և գեղարվեստական վերջնական ինքնորոշումից հետո։ Դա Գորկու «անկման», նրա տաղանդի կործանման» լեգենդն էր, որը տարփողում էին պաշտոնական և լիբերալ մամուլի օրգանները։ Չարենցը նկատի ուներ դարասկզբի հետադեմ քննադատության մեջ շատ որոշակիորեն արտահայտված մի միտում։ Տեսնելով հեղափոխական բանվոր դասակարգի և նրա կուսակցության հետ Մաքսիմ Գորկու գնալով ամրապնդվող կապերը, այդ քննադատությունը տարբեր կերպ կրկնում էր այն միտքը, թե այդ կապի պատճառով նրա գեղարվեստական տաղանդը խորտակվեց։ Այսպես, 1905 թ. «Վեսի» հանդեսը Գորկու մասին գրում էր. «Խավարեց հանդուգն եկվորը, բանդիտը, որն արհամարհում էր կյանքի համաչափությունը», իսկ նրա ստեղծագործության աղբյուրը, որն «սկզբում հորդորում էր թարմ հոսան-