Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/67

Այս էջը սրբագրված է

Հրեշտակապետն ասում է կամաց․

— «Երիցս արդեն ասել եմ նրան․
Երկու անգամին նա ոչինչ չասաց․
Երրորդ անգամին նա խիստ բարբառեց․
— Իմացի՛ր՝ քանի դեռ Մահը կյանքում
Կործանում է շունչ ու ծիլ կենդանի —
Չի՛ք ներում նրանց— Կայեն-Հուդային։»

Այստեղ Մատնիչն ու Եղբայրասպանը
Տխուր ոռնացին և հեծկլտացին,
Եվ, գրկած իրար, գլորվեցին ցած՝
Լերան ներքևի ճահիճը նեխած։

Իսկ մութ ճահիճում հրճվում են, խաղում
Մարդակեր դևեր ու սատանաներ—
Եվ թքում են բութ նրանց երեսին
Ճախճախուտային կապույտ կրակներ։—


                            V

Մահը արթնացավ կեսօրին մոտիկ։
Նայում է— աղջիկը չի՛ եկել դեռ։
Փնչում է քնկոտ․ «Տե՜ս անամոթին,—
Գիշերն, արի տես, խիստ կարճ է եղել։»

Քաղեց մի հասած արևածաղիկ,
Հոտոտեց, հրճվեց՝ արևի ներքո
Դիտելով ծաղկած ծառերը դեղին
Տերևներն՝ ասես դարձած ոսկեգույն։