ես ունեմ, ամուր է նրա ձեռքը և պայծառ է խելքը ․․ Ի՞նչ ես կամենում դու առնել քո հոր ձեռքերից, Ալհա՛լլա, Ասա՛, և ես կտամ քեզ ամեն ինչ քո ցանկությամբ․․․
Եվ դեռ չէր լռել ձայնը ծերունի հոր, երբ բարձրացավ Տոլայկ Ալհալլան և ասաց, պսպղացնելով աչքերը՝ սև, ինչպես գիշերային ծովը, և վառ, ինչպես աչքերը լեռնային արծվի
— Տո՛ւր ինձ ռուս լեհուհուն, հրամայո՛ղ-հայր։
Լռեց խանը— քիչ լռեց, այնքան ժամանակ, ինչքան հարկավոր էր դողը սրտում ճնշելու համար— և, լռելով, հաստատուն և բարձր ասաց
— Վերցրո՛ւ։ Երբ վերջացնենք խնջույքը դու կվերցնես նրան։
Բորբոքվեց կտրիճ Ալհալլան, մեծ ուրախությամբ փայլատակեցին արծվային աչքերը կանգնեց նա ամբողջ հասակով և ասաց խանին— հորը
— Ես գիտեմ, թե դու ինչ ես նվիրում ինձ, հրամայող-հա՛յր․ Գիտե՛մ ես այդ ․․ Քո ճորտն եմ ես — քո որդին։— Վերցրո՛ւ իմ արյունը ժամը մի կաթիլ— քսան մահով կմեռնեմ ես քեզ համար։
— Հարկավոր չէ՛ ինձ ոչինչ,— ասաց խանը և թեքվեց կրծքին նրա ալեհեր գլուխը՝ պսակազարդված երկար տարիների և բազմաթիվ մեծագործությունների փառքով։
Շուտով նրանք վերջացրին խնջույքը, և երկուսն էլ լուռ, կողք-կողքի, պալատից գնացին հարեմը։
Գիշերը մութն էր, ոչ աստղերը, ոչ լուսինը չէին երևում ամպերի ետևից, որ խիստ գորգով ծածկել էին երկինքը։