Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/92

Այս էջը սրբագրված է

Երկար գնում էին խավարում հայրն ու որդին, և ահա խոսեց խան Էլ-Ասվաբը․

— Օրը-օրին մարում է իմ կյանքը— և ավելի ու ավելի թույլ է զարկում իմ սիրտը, ավելի ու ավելի պակասում է և կրծքիս հուրը։ Իմ կյանքի լույսն ու տա՛քությունն էին կազակուհու տոթ գգվանքները․․․ Ասա ինձ, Տոլա՛յկ, մի՞թե նա այդքան հարկավոր է քեզ։ Վերցրո՛ւ հարյո՛ւրը, վերցրու իմ բոլոր կիներին նրա փոխարեն ․

Լռում էր Տոլայկ Ալհալլան, հառաչելով։

— Քանի՛՝ օր է ինձ մնացել։ Քիչ օր ունեմ ես աշխարհում․․․ Իմ կյանքի վերջին ուրախությունը— այդ ոուս աղջիկն է, նա գիտե ինձ, նա սիրում է ինձ,— ո՞վ ինձ հիմա, երբ նա չի լինի, կսիրի,— ծերունուս, ո՞վ։ Ո՛չ մեկը բոլորից, ո՛չ մեկը, Ալհա՛լլա․․․

Լռում էր Ալհալլան․․․

— Ես ինչպե՞ս պիտի ապրեմ, իմանալով, որ դու գրկում ես նրան, որ քեզ համբուրում է նա։ Կնոջ առջև— ոչ հայր կա, ոչ որդի, Տոլա՛յկ։ Կնոջ առջև— մենք բոլորս տղամարդիկ ենք, որդի իմ․․․ Ցավալի կլինի ինձ համար ապրել վերջին օրերս․․․ Թող բոլոր հին վերքերս բացվեին մարմնիս վրա, Տոլա՛յկ, և հորդեին արյունս, լավ է՝ թող չլուսացնեի ես այս գիշերը, որդի՛ իմ․․․

Լռում էր նրա որդին․․․ Կանգ առան նրանք հարեմի դռան առաջ և, գլուխներն հակած կրծքերին, երկար կանգնեցին նրա առջև։ Խավար էր շուրջը, և ամպերը փախչում էին երկնքում, իսկ քամին, ցնցելով ձառերը, կարծես երգում էր, աղմկում ծառերով․․․