— Գնա՛նք, հա՛յր։
Խանը շարունակում էր մնալ տեղում, ուր կորցրեց իր վերջին օրերի ուրախությունը։
Բայց,— ամեն ի՛նչ վերջ ունի,— կանգնեց նա, հզոր և հպարտ, կանգնեց, կիտեց հոնքերը և խուլ ասաց․
— Գնանք։
Գնացին նրանք, բայց շուտով խանը կանգ առավ։
— Իսկ ինչու ես գնում և ո՞ւր,— հարցրեց նա որդուն։— Ինչո՞ւ համար ես ապրում հիմա, երբ իմ ամբողջ կյանքը նրա մեջ էր։ Ծեր եմ ես, ինձ չեն սիրի այլևս, իսկ եթե քեզ ոչ-ոք չի սիրում— անիմաստ է ապրել աշխարհում։
— Փառք և հարստություն ունես դու, խա՛ն։
— Տո՛ւ ր ինձ նրա մի համբույրը— և քե՛զ վերցրու այդ բոլորը, իբրև պարգև։ Այդ բոլորը մեռյալ է, միայն կնոջ սերն է կենդանի։ Չկա այդպիսի սեր— կյանք չունի մարդը, մուրացիկ է նա, և ողորմելի են նրա օրերը։ Գնաս բարո՜վ, որդի՛ իմ,— ալլահի օրհնությունը թող լինի քո գլխին՝ քո կյանքի բոլոր օրերին ու գիշերներին։— Եվ շուռ եկավ խանը երեսով դեպի ծովը։
— Հա՛յր,— ասաց Տոլայկը,— հա՛յր․ ․— Եվ չկարողացավ ասել է՛լ ոչինչ, քանի որ ոչինչ չի կարելի ասել մարդուն, ում ժպտում է մահը, ոչինչ չես ասի նրան այնպիսի, որ վերադարձնի նրա հոգուն սերը դեպի կյանքը։
— Թո՛ղ ինձ․․․
— Ալլա՛հ․․․
— Նա գիտե․․․