Այս էջը սրբագրված է

էր ու «թշնամու աչքը հանում»։ «Անօրենները», որպես իրենց սովորությունն էր, հավաքվել էին իրանց երկրիցը, «չու քաշել», ուրիշ աշխարհներ էին քանդում ավարառության ու սպանության համար։

Այս Լուսավորիչը (Գրիգորը), որ մի խելոք, արթուն ու քաջ մարդ է եղել, պահապաններ է կարգել սահմաններումն ու Դդի[1] գլխին մարդիկ է դրել, որ եթե մի անսովոր շարժում տեսնեն՝ զանգահարեն, իմաց անեն իշխանին։ «Անօրենները» եկան մոտեցան մեր երկրի սահմանին և իմացան Լուսավորիչ իշխանի զորության, քաջության մասին։ Նրանց գլխավորը, որ մի խորամանկ և խելոք մարդ է եղել, կանգնեցրել է յուր զորքին ու ասել. «քաջությունը երկու տեսակ է, նրանցից մեկը բազկի է, որի զորությամբ հասել ենք մինչև այստեղ, իսկ մյուսը՝ խելքի, որ գերազանց է բազկի քաջությունից. շատ բաներ պատմում են այս երկրի իշխանի ու ժողովրդի քաջության մասին, և դուք տեսնում եք, թե որքան անմատչելի է երկիրը։ Ասում են, որ այդ իշխանը պահակներ, դիտողներ ունի կարգած, և մենք մինչև առաջ դրանց չձեռք բերենք՝ չենք կարող մոտենալ իշխանական շենին»։ Այսպես խոսեց և յուր զորքերից կորովիները մի խումբ կանացի շորով՝ ներքուստ զինվոր, ճանապարհ ընկան իրենց տիրոջ հրամանը կատարելու։ Մնացած զորքը նույն տեղում պետք է սպասեր մինչև գիշերվա հասնելը։ Ուղարկված զինվորները հասան և կանացի շորով իբրև ուխտավոր ամեն բան վերջացրին իրենց տիրոջ հրամանի համեմատ՝― «պահակներին ու դիտողներին սպանեցին»։ Յուր ապարանքում քնած միջոցին բարբարոսները հարձակվում են վայրենաբար շենի վերա։ Գրիգոր իշխանը աղմուկ լսելով, վեր թռավ, առավ յուր սուրը և վազեց թշնամու առաջ, բայց արդեն ուշ էր զորքը կարգի բերել․ սարսահար ժողովրդի մի մասը փախան ձորերը, մի մասը կռվեցավ և մեռավ այնտեղ, սպանվեցավ և Գրիգոր իշխանը։ Նրա քույրը (Խորիշահ) լսելով այս, սուր առավ և վազեց եղբորն օգնություն,

  1. Դիդ երևի դետ, դիտել բառիցն է հորինված։ Այդպես կոչվում է Դսեղ գյուղի մոտ գտնված մի փոքրիկ բլուր։