Այս էջը հաստատված է



ՄԻ ԿՅԱՆՔ ԵՎ ՄԻ ՍԵՐ

Մանկությունից էր այնպես՝ եթե մի գետնախնձոր տային, թե՝ կեր, խնձոր է, ուտում էր։

Մոտենում էր մեկին, թե՝

— Անոթի իմ։

— Սիրտդ ի՞նչ կուզե, Մոսես,— հարցնում էին։

— Սիրտս փախլավա կուզե։

— Առ քըզի փախլավա,— և տալիս էին սովորական լավաշը, և նա ոչ միայն ուտում էր իբրև փախլավա, այլև իսկական փախլավայի համ էր ստանում։

Երբ մանուկ էր, ոչինչ չէր կարողանում զանազանել իրարից։ Միայն մի բանում երբեք չէր սխալվում։ Երբ հարցնում էին՝ Մոսես, մո՞ւթ է, թե լուս, պատասխանում էր հիմար-հիմար ժպտալով.

— Լո՜ս է։

Թե որտեղից և ինչպես գավառական փոքրիկ քաղաքն էր ընկել նա՝ ոչ ոք չէր իմանում, երևի պատահաբար դուրս էր եկել դաշտի գյուղերից մեկից, քայլել էր աննպատակ, ընկել էր քաղաքը և այլևս մոռացել էր հին գյուղը։

Արդեն երիտասարդ էր, երբ երևաց քաղաքում, ցնցոտիներով, կեղտոտ ֆեսով, բոբիկ, ճաքճքած ոտներով, փոքրիկ գլխով, բայց բեխերով և միրուքով, երևում էր, որ ածելի չէր դիպել նրա երեսին. բարձրահասակ էր, փոքրիկ, ապուշ աչքերով, բայց զարմանալիորեն համակրելի նայվածքով, նայվածք, որ կարեկցություն էր առաջացնում։

Շուտով, շատ շուտով նա հայտնի դարձավ շուկայի բոլոր խանութպաններին։

Մի քանի անգամ քաղաքի փողոցային մանուկները, ինչպես և փողոցային մարդիկ, փորձեցին խաղացնել նրան, բայց չհաջողվեց, որովհետև Մոսեսը ոչնչից չնեղացավ, ոչ մի արձագանք չտվեց, ասացին և հեռացան։

Շուտով նա դարձավ ամենապետքական մարդը շուկայի խանութպանների համար, որովհետև բոլորի համար անխտիր ջուր էր կրում։

— Մոսես, գնա սիթիլ[1] մը ջուր բեր։

  1. դույլ