Այս էջը հաստատված է



Մոսեսը առանց որևէ առարկության, վերցնում էր դույլը և գնում ջրի։

Բերելուց հետո էլ ոչ մի բան չէր պահանջում՝ լուռ ու մունջ կանգնում էր պատի տակը և ժպտում։ Բարեխիղճները նրան տալիս էին տանից բերած ճաշի ավելցուկը․ ուտում էր, բերանը սրբում թևով և նորից կանգնում մի պատի տակ, նայում տարտամ և անորոշ։

Մարդիկ փորձեցին, բացի ջուր կրել տալուց, ուրիշ աշխատանքի մղել նրան, բայց չհաջողվեց․ բացի ջուր կրելուց ուրիշ ոչինչ չէր կարող անել, որովհետև մինչև կես ճանապարհը մոռանում էր պատվերը և այլևս չէր վերադառնում պատվիրատուի մոտ, պատվերը մոռացած տեղը կանգնում էր և սպասում։

Երբ տարիքն առավ, նրան սկսեցին «Մոսես ախպար» կանչել։ Սկզբներում վարժ չէր այդ անվան, կարծում էր, որ իրեն չեն կանչում, բայց երբ մարդիկ համառորեն շարունակեցին՝ վարժվեց։

— Մոսես ախպար…

— Ղուրբան…

Սպասում էր, որ մի բան պատվիրեն։

Երբ որևէ բան չկար, որով վարձատրեին նրա աշխատանքը— ճաշի ավելցուկ և այլն— խանութպանները սովորություն դարձրին նրան վարձատրել փողով։ Իսկ այդ փողն իսկական չէր, կտրում էին լրագրից մի կտոր և տալիս էին նրան, թե՝

— Մոսես ախպար, էսի փարա է, պահե՛, հաց կառնես։

Մոսես ախպարը խնամքով պահում էր լրագրի կտորն իբրև փող, պահում էր ծոցի մեջ, հենց մարմնի և շապկի արանքում։ Բացի լրագրի կտորից՝ տալիս էին և պապիրոսի թղթի շապիկը։ Սա արդեն ավելի մեծ փող էր համարվում, որովհետև պատկերազարդ էր լինում և ավելի կանոնավոր կտրված։

Եվ իսկապես, լրագրի այդ կտորները կամ պապիրոսի թղթի շապիկները փող էին Մոսես ախպոր համար, որովհետև իր բոլոր գնումները անում էր այդ լրագրի կտորներով և պապիրոսի թղթի շապիկներով։ Մոտենում էր որևէ խանութի, կոշկակարի, նպարեղենի խանութի, վարնոց ճաշարանի,