Այս էջը հաստատված է

փողոցների անկյունները տժվժիկ եփողների, պաղպաղակ ծախողների և, տալով իր փողը, վերցնում էր ինչ որ ուզենար, բոլորն էլ տալիս Էին, որովհետև Մոսես ախպարն իսկապես այդ թղթի կտորներն իրար վրա դիզել էր սեփական և արդար աշխատանքով։

Մի անգամ մտավ մի սափրիչի խանութ և ամբողջ դեմքը մաքրել տվեց և խուզել տվեց գլուխը։ Սափրվելուց հետո ծոցից հանեց պապիրոսի թղթի մի շապիկ և տվեց սափրիչին։ Սափրիչն ուզեց բարեխիղճ լինել և ետ տվեց պապիրոսի թղթի շապիկը, թե՝

— Մյո՛ւսը տուր, էս շատ է։

Մոսես ախպարը ժպտաց և ետ վերցնելով պապիրոսի թղթի շապիկը՝ տվեց նրան լրագրի կտորը։

Մոսես ախպարը սիրում էր մածունը․ մանկությանը, գյուղում, միակ ուտելիքը մածունն էր եղել, բայց, դժբախտաբար, իր փողով չէր կարող մածուն գնել, որովհետև շուկայում մածունը ծախում էին գյուղացիները, որոնք ամեն առավոտ բերում էին, ծախում և գնում, նրանց համար ջուր հարկավոր չէր, որ Մոսես ախպարը կրեր և վարձատրություն ստանար և ապա փոխանակեր մածունի հետ, ուստի, ամեն առավոտ գնում էր շուկայի մեծ հրապարակը և համբերությամբ կանգնում էր մածուն վաճառողների կողքին, որպեսզի երբ շերեփից մածունը թափվեր տախտակի վրա՝ մատովը վերցներ և լիզեր։

— Մոսես ախպար, ի՞նչ կենես էստեղ,— հարցնում էին նրան։

Մոսես ախպարը, ուսերը վեր բարձրացնելով և ժպտալով՝ պատասխանում էր.

— Հե՛չ, մածուն կլզիմ։

Հրապարակից նա քաշվում էր այն ժամանակ միայն, երբ, բոլոր մածունը ծախած, գյուղացիներն ամանները վերցնում էին և հեռանում։

Իմացականության բացարձակ բացակայությունը երբեք պատճառ չէր, որ սիրտը դադարեր բաբախելուց։

Նա փողոցների անկյունները, բաղնիքի պատի տակը, եկեղեցու բակում կամ խանի թրիքների մեջ երկար ժամանակ գիշերելուց հետո քաղաքի ծայրում գտավ մի խրճիթ,