Այս էջը հաստատված է



— Եկա՞ր, խե՛նթ անտեր։

Մոսես ախպարը կարևորություն չտվեց և ուղիղ քշեց ներս, թափեց բերածը խարխուլ մի թախտի վրա և ասաց.

— Կըսեյիր փարա չունիմ, տե՛ս։

Խաչխաթուն քորոն պատրաստվել էր մեծ ձայնով գոռալու, թե ինչո՞ւ ներս մտար, բայց տեսնելով միսը, հացը և բանջարեղենը՝ մատը տարավ բերանը և բացականչեց.

— Քա՜…

— Տեսա՞ր, ինծի Մոսես ախպար կըսեն։

Խաչխաթուն քորոն տնտղեց միսը, հացը և բանջարեղենը և շշնջաց.

— Քա՛, երազ չէ՞,— և դառնալով Մոսես ախպորը՝ ասաց.

— Ձեռքդ դալար…

— Հըլե շատ փարա ունիմ,— հպարտությամբ հաստատեց Մոսես ախպարը և, նորից ծոցից հանելով լրագրի կտորները և պապիրոսի թղթե շապիկները՝ ցույց տվեց Խաչխաթուն քորոյին։

Խաչխաթուն քորոն էլի ապշեց.

— Մեղա՜, տեր աստված, ե՞ս եմ խենթը, թե դուն։

— Դո՛ւն ես, դո՜ւն,— հայտարարեց Մոսես ախպարը։

Լռությունից հետո Մոսես ախպարը հարցրեց.

— Փատ ունի՞ս։

— Քիչ մը կաղըշնա (վայրի բույս, փշոտ և անպետք) ունիմ։

— Կաղըշնայով բան չեփիր, երթամ փատ բերիմ,— ասաց Մոսես ախպարը և քայլեց դուրս։

— Կեցի՛ր, ես ըլ հետդ գամ։

— Եկո՛ւր, ղուրբան, եկո՛ւր։

Երբ դուրս էին ելնում, Մոսես ախպարը ձեռքը հպեց Խաչխաթուն քորոյի ուսին։ Խաչխաթուն քորոն ոչ միայն չնեղացավ, այլև ներողամտությամբ ժպտաց նրան։

— Վա՛, թուշդ կռծիմ,— բացականչեց Մոսես ախպարը։

— Դե՛ խե՛նթ շուն, մի լպստվիր, առաջս ընկիր,— սաստեց Խաչխաթուն քորոն, բայց խորագույն հաճույք զգաց նա Մոսես ախպոր խոսքից։

Նրանք գնացին շուկա։ Մոսես ախպարն ուղիղ քշեց