Այս էջը հաստատված է

մի երևույթ, որը հրաշք էր թվում նրան։ Խաչխաթուն քորոն բոլոր պատռված դոշակները վերաշինեց, ճերմակեղենը կարեց, սովորեցրեց Մոսես ախպորը թաշկինակ գործածել.

— Եբոր գետինը կխնչես՝ քիթդ թևով մի սրբեր, մանդիլով[1] սրբե,— խրատեց նա։

Իսկ խանութպանները, տեսնելով Մոսես ախպորը բոլորովին փոխված, վրան-գլուխը մաքուր, գուլպայով՝ զարմանում էին և ասում.

— Աֆերի՛մ, Մոսես ախպար, քյալլե ղուլախդ[2] շիտկեցիր։

— Կնիկ գտա, ղուրբա՛ն,— պատասխանում էր Մոսես ախպարը և դույլերը վերցնում, վազում ջրի։

Եվ քանի ժամանակն անցնում էր, Խաչխաթուն քորոն այնքան մտաբերում էր իր նախկին ամուսնուն, որ արհեստավոր էր, վաստակը տեղը, բայց մեկ-մեկ գժվում էր, կռիվ սարքում տանը և իրեն էլ մի քանի ապտակ հասցնում, իսկ Մոսես ախպարը, նրա հետ դեռ մեկ հատիկ տարաձայնություն չէր ունեցել, ինչ որ ասեր, ինչ որ պատվիրեր՝ նույն միապաղաղ պատասխանն էր ստանում.— «Հա՛, ղուրբա՛ն»

Եվ Խաչխաթուն քորոն ասում էր հարևաններին.

— Էնպես սուս ու փուս է, էնպես խելոք, քնծոր հորթը կապես տունդ։

Բայց զարմանալի է բնության քմահաճույքը։ Երբ Մոսես ախպարն ազատվեց փողոցների անկյունները, խաների թրիքներում և բաղնիքի մոխիրներում քնելուց, ազատվեց ձմեռվա սառնամանիքից և սկսեց քնել բրդե անկողնում, մաքուր սավաններով, սկսեց և արագորեն քայքայվել.― Վա՜յ, փորս կցավի, վա՜յ, մեջքս, վա՜յ, ճռվներս…

Եվ մի օր էլ տուն եկավ, հազիվ խանութներից առած բաները տուն հասցնելով, պառկեց, թե՝

— Ղուրբա՛ն, Խաչխաթուն, ընծի բան մի եղավ, կերևա քի՝ տի փչիմ։

Եվ իսկապես, մինչև առավոտ Մոսես ախպարը «փչեց»։

Կյանքի վերջին պահին, երբ Խաչխաթուն քորոն, հուսահատ և տրտում ձեռքը դրել էր Մոսես ախպոր ճակատին, նա աչքերը բաց արավ, ժպտաց և հազիվ շշնջաց.

  1. թաշկինակ, աղլուխ
  2. մեջք, գլուխ