Այս էջը հաստատված է

— Է՜հ, փա՜ռք աստծո, վրաս լացող կա…

Եվ փակվեցին նրա աչքերը։

Խաչխաթուն քորոն, խոշոր֊խոշոր արցունքները սրբելով, Մոսես ախպոր ծոցից վերցրեց նրա բոլոր փողերը և դրեց իր ծոցի մեջ, քանի հարևանները չէին լցվել խրճիթը, և ապա սկսեց բարձր ճչալ.

— Մոսես ախպարս չի կա, Մոսես ախպարս գնաց Ասսու քովը..

Հարևանները եկան, մխիթարեցին նրան և բոլոր օրն ու հաջորդող գիշերը մնացին մոտը։

Խաչխաթուն քորոն պատմում էր գիշերը.

— Օր մըլ տեսա, Մոսես ախպարը եկավ, կայնեց դրանս առաջ, ըսի՝ քա՛, էս ինչ ասլան էր դեմս տնկվեց, ըսաց՝ ե՜ս իմ, ըսի՝ եկուր ներս, էդ ներս գալն էր, ալ դուրս չի գնաց, եփած ապուրներս կուտեր ու կըսեր՝ Խաչխաթուն, մատներդ հետը ուտիմ։

Եկեղեցուց մի հասարակաց դագաղ տվին Մոսես ախպոր համար։

Տերտերը և տիրացուն թաղման արարողությանը լպրտեցին, ինչպես քաղցած շունը լպրտում է գաղջ ապուրը։ Խաչխաթուն քորոն հազիվ մի քանի կաթիլ արցունք էր թափել՝ թաղումը վերջացավ։ Դեռևս բոլոր հողը չէին լցրել փոսը՝ երբ տերտերն ասաց.

— Օրհնա՛ծ, մեր վարձքը տուր, երթանք։

Խաչխաթուն քորոն ծոցից հանեց երեք հատ լրագրի կտոր, մեկը տվեց տերտերին, մեկը տիրացուին և երրորդն էլ ժամկոչին։ Տերտերը թուղթը նետեց իր փարաջայի լայն և անհատակ գրպանը, բայց տիրացուն գլխի ընկավ։

— Էս ի՞նչ տվիր,— հարցրեց նա լրագրի կտորի վրա նայելով ապշանքով և քմծիծաղով։

— Փարա տվի։

— Էս փարա՞ է։

— Քա՛ , փարա՛ է, Մոսես ախպորը փարան է,— ասաց Խաչխաթուն քորոն։

Տերտերը կարծելով, որ իրեն տվածը իսկական փող է, իսկ տիրացուինը լրագրի կտոր՝ կշտամբեց նրան.