Այս էջը հաստատված է



— Մեռելի կշտին ատանկ խոսքեր չեն ըսեր, ծո՛, հա՜յդե։

Տիրացուն, ինչպես և ժամկոչը գլխահակ դուրս եկան գերեզմանոցից։

Երբ Խաչխաթուն քորոն տուն եկավ, մի մեծ շիվան փրցրեց.

— Մոսես ախպա՜րս, Մոսես ախպա՜րս…— ճչում էր նա և զարնում ծնկներին։

Հարևանները, մխիթարելու համար, ասացին.

— Աստված իրեն հավնածը կտանե․․․

— Ամա՜ն, Մոսես ախպարին ինչի՞ն հավնեց, որ տարավ, վա՜յ, վա՜յ, վա՜յ։

Հաջորդ առավոտը Խաչխաթուն քորոն, Մոսես ախպոր փողերը ծոցը, գնաց շուկա։ Առաջին անգամ կանգնեց փռի առջև, վերցրեց հացը, վճարեց և մի քայլ հազիվ էր փոխել, հացագործը ետևից կանչեց.

— Քո՛րս, էս ի՞նչ է, փարա՛ տուր։

— Քա՛, փարա չէ՞։

— Ի՜նչ փարա, դուն սարսաղ ես, կը կարծես մե՞նք ըլ սարսաղ ենք։

Խաչխաթուն քորոն ուզեց վիճել, բայց հացագործը խլեց տված հացը և վռնդեց նրան։

Խաչխաթուն քորոն կանգնեց մսագործի առաջ, տնտղեց մսերը և մի օխա միս վերցրեց։

Փողի վերաբերմամբ նույնը պատահեց և մսագործի հետ։

— Չէ՛, քորս, չէ՛, էդ փարա չէ, փարա՛ բեր։

— Մոսես ախպարը…

— Մոսես ախպարն ուրիշ էր, քորս, ան գնաց…

Օրը բոլոր Խաչխաթուն քորոն փորձեց մի բան գնել՝ չհաջողեց, բոլորն էլ վռնդեցին։

Երեկոյան քաղցած, հոգնած, հուսահատ ու մռայլ, խրճիթ վերադարձավ և թերևս նոր զգաց, թե ինչ էր կորցրել։

— Վա՜յ Մոսես ախպարս,— արցունք թափելով ողբում էր նա,— դուն ուրիշ էիր, անտեր մնացի, ընծի ըլ ետևեդ տար, Մոսես ախպարս, ոտքերուդ ղուրբան ըլլիմ։

Կես գիշերին, քաղաքի ծայրին կուչ եկած խրճիթում՝ Խաչխաթուն քորոն, կրկին այրիացած, հեկեկում էր և ողբում՝ հոտոտելով Մոսես ախպոր վերջին անգամ հագած շապիկը։


1934 թ.