Այս էջը հաստատված է

Չը պէտք է մոռանանք, որ կանոնաւոր գրութիւնը մեծ մանկավարժական նշանակութիւն ունի՝ ուսուցանելով երեխաներին դիտել, համաչափել, ընտելացնելով նրանց կանօնաւորութեանը։

Վերջացնում եմ հաղորդելով, որ բժշկան ճեմարանում այս տարի աւարտեցին վեց հայ և երկու վրացի։

Բզնունի

ՆԱՄԱԿ ԱԳՈՒԼԻՍԻՑ

Իմ առաջի նամակում խօսելով Ագուլիսի բուսականութեան վրայ՝ բացէի թողել ամենագլխաւորը, այն է խաղողը, որպէս զի յետոյ առիթ ունենամ խօսել զորա վրայ աւելի մանրամասն։

Ագուլիսում խաղողը հաւաքում են սեպտեմբերի վերջերին կամ հոկտեմբերի մեջերքում։ Բայց ժողովելուց առաջ խաղողի հասնում ժամանակ մի քանի անգամ հարթող են անում, այսինքն որթերի բազմաթիւ տերևները պակսեցնում են, որ մի գուցէ խիտ լինելով արգելք լինէին արևի ճառագայթներին թափանձել խաղողի մէջ, վասն զի ողկոյզները պատուագից[1] կախ լինելով՝ վերևից ծածկուած են տերևներով։ Ամենաընտիր խաղողը պահում են ձմեռուայ համար, իսկ մնացածներից գինի են քամում, որի համար յետոյ կասեմ։

Առաջուայ տարիներին՝ մինչև 1861-62 թ․թ․ մեծ առատութեամբ խաղող էր լինում․ իսկ յետոյ սակաւ առ սակաւ խաղողի քանակութիւնը սկսեց նուազել և ոչնչանալ։ Իւրաքանչիւր անգամ խաղողը կամ չօռից[2] էր փչանում և կամ թէ ցրտից։ Վերջինիս առաջը դեռ կարողանում էին առնել․ մի քանի տարի շարունակ աշնան վերջերում որթի ծառերը պատուագից վեր էին բերում ու հողի տակով անում․ իսկ գարնան կրկին պատուագի վրայ բարձրացնում, որ ի հարկէ շատ դժուարութիւն, աշխատանք և զգուշութիւն էր պահանջում և մի և նոյն ժամանակ շատ ծախս էր դուրս գալիս։ Իսկ ինչ որ վերաբերում է առաջինին՝ ճար չկար առաջը առնելու․ ժանտախտի նման մի բան է, որ բռնում է խաղողը, քանի մի շաբաթից յետոյ մէկ էլ էն ես տեսնում, որ խաղողի ողկոյզները չորացած, մոխրի գոյն ստացած, միով բանիւ անպիտան բան են դառել։ Թէև ոմանք փորձեր էին փորձում ջոկովի քացախ շինել―բայց ի զուր էդպիսի քացախը անզօր էր լինում և երկար էլ չէր մնում։

Առատութեան տարիներին այնպէս լաւ խաղող էր ստացվում Ագուլիսում, որ մերձակայ տեղերից (օրինակ Նախիջևանից) գալիս էին խաղող կամ գինի առնում․ այն ինչ ներկայումս Ագուլեցիք զուրկ լինելով իրանց գեղեցիկ, հիւթալի խաղողից՝ ստիպուած են օտար տեղերից (Հին Նախիջևանից, Ալդարուից) առնել։ Բայց վերջի տարիներիս 1870, 71, 72, թ․ թ․ առատութեան նայելով՝ կարծում ես թէ անցեալը յարութիւն է առնում։

Գինի քամելու համար այգետէրերը իրանց այգիներում կամ թէ չէ հէնց նստում տանը հնձան են շինում։ Հնձանը մի սենեակ է, որ ցածր որմով երկու մաս է բաժանած․ վերի մասի յատակը, ուր պիտի ածեն խաղողը փոքրիկ քարերով և կիրով շինում են տափարակ․ ողորկ, սահուն ու փոքր ինչ էլ զառ ի վայր և ապա եղով օծում։ Իսկ սորա շրջակայ պատերը 2―3 գազ բարձրութեամբ միայն կիրով սուաղում են ու եղով օծում։ Կոխտալու խաղողը ածում են այստեղ և միւս օրը մի մշակ ոտները մինչև ծնկները վեր քաշած բարձրանում է խաղողի դէզի վրայ և սկսած մի ծայրից կամաց կամաց կոխ է տալիս։ Նոր գինին՝ շիրան, որ շատ քաղցր է լինում մեղմ հոսանքով պատի միջին դրած խողովակով թափվում է ներքև շինած փոսի մէջ, որ նոյնպէս կիրով սուաղուած է ու իւղով օծուած։ Երբ փոսը բաւական լցվում է ամաններով ածումեն տկերի մէջ և ջորիներով կրում տուն՝ թափում կարասների մէջ։ Իսկ ինչ որ վերաբերում է մնացածներին՝ ճեճին, այն էլ մի քիչ ածում են գինու կարասների մէջ և մնացեալներից օղի են քաշում[3]։ Շիրան կարասների մէջ սկսում է եփ գալ ու փրփրել․ այս փրփուրը մի քանի անգամ քաշում են մինչև որ շիրան հանդարտում է, կորցնում է իւր առաջուայ թէ պղտոր գոյնը և թէ քաղցրութիւնը և դառնում է պայծառ սևագոյն կամ կարմրագոյն գինի․ այնուհետև կարասների բերանը ծեփում են և թողնում առ ժամանակ։

Խաղողները գոյն զգոյն են լինում․ բայց գլխաւորապէս լինում են սև ու սպիտակ։ Սոցա իւրաքանչիւր տեսակը մի անուն ունի․ շաֆեյի, սվրոսկի, շաքարի, սերկևելի, խաբուն-բարմաղի և այլն։

Ս․ Յ․ Սաֆրազեանց։

ՆԱՄԱԿ ՂԶԼԱՐԻՑ

Ղզլարի բնակիչները․— Հայեր։ Տիրապետող լեզուն ստորին և միջին դասերում հայերէնն է։ Ստորին դասը սերտ կապուած է իւր մայրենի լեզուի, նորա բոլոր առանձնութիւնների, աղաւաղութիւնների, առածների, զրոյցների ու առակների հետ, որոնք նա բերել է իւր հայրէնիքից և յաջորդաբար աւանդում է իւր յետնորդներին։ Այստեղի բարբառի գլխաւոր տարբերութիւնը կազմում են բայերի և մանաւանդ կատարեալի վերջաւորութիւնները (ասամ-ար-աւ, ասանք-աք-ան) և կոշտ բաղաձայնների փափկացնելը (կալ-գալ, կնալ-գնալ, ծէն-ձայն և այլն) իբրև օրինակ կարող են ծառայել այս տողերը ժողովրդական երգերից․

„Բաղերին ղրաւ խփաւ (Այգիները եղիամն պատեց)
„Եափրաղը թամբաքու դառաւ (Տերևը ծխախոտ դարձաւ)

Միջին դասը նոր առարկաներին առաջին անգամ օտար լեզուի միջնորդութեամբ ծանոթանալով և մի առանձին ձգուտմն ունենալով որքան կարելի է շատ խառնել օտար բառեր իւր խօսակցութեան մէջ, հասցրել է լեզուն սարսափելի աղաւաղութեան։ Բառերի համարեա կէսը օտար ազգի է։ Այստեղ շատ կարելի է լսել այսպիսի նախադասութիւններ․ „էսքան бочка отправить արաւ եարմունկա (ярмарка)“ կամ „Ուզըմա оправдаться իլի черезъ ինձանով“

Բարձր դասի մէջ բոլորովին հալածուած է մայրենի լեզուն։

Կրօնասիրութիւնը յատկանիշն է Ղզլարեցու։

Այստեղ կայ երկու եկեղեցի քաղաքի մէջ մինը Աստուածածնայ, իսկ միւսը Լուսաւորչի անունով։ Վերջինս առաւել նոր է և հոյակապ շինուած պատած է պարսպով և բակումի ունի պարտէզ։ Քաղաքից դուրս կայ նոյնպէս երկու եկեղեցի․ մինը սուրբ Գէորգայ անունով․ շինած է անտառի մէջ թերեքի ափին և համարվում է ուխտատեղի, միւսը գերեզմանատանն է։ Ժողովուրդը առ հասարակ մեծ համարումն ունի դէպի հոգևորականները, թէպէտ սոցանից ոմանք դժուարանում են հասարակ ընթերցանութեան մէջ։ Քահանայ քարոզիչ, Ղզլարը համարեա երբէք չէ տեսնում իւր մէջ։

Հեռաւոր երկիրներից եկած մի քահանայ ստորագրութիւն բանալով իւր անձնական օգտի համար հարիւրներ է դուրս տանում այստեղից, մինչ շատ խեղճեր նոյն իսկ քաղաքի մէջ զոհ են լինում կարօտութեանը ոչոք ուշադրութիւն չէ դարձնում նոցա վերայ։ Ղզլարը պատկանում է Հաշտարխանու հոգևոր վիճակին․ այստեղ նստում է մի յաջորդ վարդապետ։

Լուսաւորութեան մակերևոյթը ընդհանրապէս շատ ստոր է։ Մինչև վերջին տարիներս Ղզլարը չունէր իւր պիտոյքներին լիապէս համապատասխանող ուսումնարան։ Ստորին դասի մանուկները անխնամ շրջում էին փողոցներում և իւրեանց անհանգստութեամբ կազմում էին հասարակութեան պատիժը, մինչև որ հասակը ներում էր նոցա դառնալ մշակներ, մանրավաճառներ կամ գիշերաշրջիկ հիւրեր․ օրիորդի կրթութիւնը համարվում էր բոլորովին աւելորդ բան։ Բարձր և միջին դասերի մանուկները ուղարկվում էին նահանգական ուսումնարանը, որ շատ աննախանձելի դրութեան մէջ էր, իսկ ոմանք նոցանից ուղարկվում էին Մոսկուայի, Թիֆլիզի, Ստավրապօլի և այլն գիմնազիօնները կամ բարձրագոյն ուսումնարանները, բայց նոքա վերադառնալով ըստ մեծի մասին արտայայտում էին իւրեանց գործունէութիւնը միայն արտաքին ձևերի մէջ։ Ոմանք միայն բացում էին փոքրիկ ուսումնարաններ, ուր ուսուցանում էին հայերէն և ռուսերէն կարդալ-գրել։ Ահա քանի մի տարի է, որ Ղզլարը ունի տղայոց ուսումնարան, որի երրորդ տարեդարձը հանդիսաւոր կերպով կատարեցին նորերումս, նոյնպէս և օրիորդաց ուսումնարան, որոնք պահպանվում են եկեղեցական գումարներով և ժողովրդի կամաւոր նուիրատվութեամբ։ Պէտք է նկատել է, որ ժողովուրդը բաւական համահրում է նոցա և զատիկ ու ծննդեան երեկօները բաւական գումար է հաւաքում յօգուտ նոցա։ Բացի դորանից իւրաքանչիւր տարի Հայերից, ինչպէս և միւս ազգիւթիւններից որոշեալթւով ուղարկվում են մանուկներ Վլադիկովկազի արհեստական ուսումնարանը։ Դոցա մէջ կրթվում է մանուկ սերունդը, իսկ ամբոխը, ընկղմուած է տգիտութեան և սորանից անբաժան ընկերակից խորին ստոնիապաշտութեան մէջ։ Եթէ հաւաքենք այն բոլոր գերբնական պատմութիւնները, որոնց ստեղծել է նորա վառ երևակայութիւնը, մի ամբողջ հատոր կը կազմուի։ Նա մասամբ բերել է նոցա իւր հայրենիքից, մասամբ շարադրել է ինքը և մասամբ ընդունել է իւր շրջապատողներից։ Վերջիններիս կարգումը կարելի է համարել հաւատըալքերի (русалка) գոյութեան։

Հասարակական կեանքը զարգացած չէ, ամէն մարդ իւր համար է ապրում։ Միայն կարգէ դուրս երևոյթների համար հրաւիրվում են քաղաքացիքը դէպի ընդհանուր ժողով, (собрание) բայց և այստեղ հասարակութիւնը ըստ մեծի մասին գնում է իբրև լոկ հանդիսական և ոչ իբրև ջերմ մասնակցող անդամ։

Դորա հակառակ զարգացած է ընտանեկան կեանքը, մանաւանդ ստորին և միջին դասերում, ուր ընտանիքը կազմում է գերդաստանի նախագահի՝ հօր անմատչելի թագաւորութիւնը, որի չորս պատից երբէք չեն դուրս թրչում ճնշուած կնոջ կամ գերդաստանի այլ անդամների հառաչանքը, որովհետև նոքա պատած են ամօթխածութեան պարսպով։

Առ հասարակ կնօջ գրութիւնը այստեղ շատ աննախանձելի է։ Այդ երևոյթը անտարակոյս կապ ունի ժողովրդի զարգացման հետ, բայց և միւս կողմից դա հետևանք է այն հանգամանքի, որ կանայքը չունեն արտադրական աշխատանք, թէպէտ նոցա վզին է բոլոր ընտանեկան ծառայութեան հոգսը։ Նա ստանում է իւր ապրուստը մարդից իբրև ողորմութիւն, և դորանով կարծես աւելի հաստատվում է վերջինիս հրամանատարութիւնը, իրաւունքը, որ նրան աւանդուած է իւր նախորդներից։

Ասածներիս հաստատութեան համար կարող ենք բերել այն փաստը, որ մերձակայ Ռուսաց գիւղերում, ուր մարդու և կնօջ դերերը փօխուած են, այսինքն կինը կատարում է բոլոր դաշտային աշխատանքը, վարում է երկիրը, փայտ է բերում քաղաք վաճառելու և այլն, այնտեղ ընդհանրապէս աւելի այրը կախումն ունի կնօջից, քան թէ սա նորանից։

Ժողովուրդը ընդհանրապէս աշխատասէր է։ Թէպէտ ամենքի երեսին նկարուած է կարօտութեան հոգսը, բայց և զուրկ չէ այն բանաստեղծական կողմերից, որոնք յատուկ են գինաւէտ երկիրների բնակիչներին։ Նա ունի ժողովրդական երգեր, որոնցից շատերը հետաքրքիր են թէ իբրև ճիշդ նկարագիր տեղական կեանքի և թէ իբրև մաքուր օրինակ այստեղի բարբառի։

Բացի Ղզլար քաղաքից, Հայեր կան և շրջակա գիւղերում, որպիսի են Սուրբ Խաչ կամ Մաջառ, Ղարաջավլու և այլն։ Մաջառ գիւղում խօսում են մի բոլորովին անծանօթ լեզուով, թէպէտ գիտեն և հայերէն։

Այսքանս Հայերի համար։ Միւս նամակովս կաշխատեմ խօսել Ղզլարաբնակ միւս ազգերի մասին։

Մի Ղզլարեցի։

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Մեզ գրում են Բագուից որ այդ քաղաքում դիտավորութիւն կայ հրատարակել մի հայոց ամսագիր։ Մենք կարծում ենք, (և սորա մասին ուրիշ անգամ կը խօսենք) որ գաւառներում աւելի ձեռնտու է տեղական փոքրիկ շաբաթական թերթ, քան թէ ամսագիր, այնպիսի թերթ, որ պարապէր գլխաւորապէս բոլորովին տեղական խնդիրների մշակութեամբ և տեղական ոգի ունենար,— այն ժամանակ, նա օգտաւէտ կը դառնայ թէ այն գաւառական քաղաքի համար, թէ մեզ համար։ Մի և նոյն ժամանակ, նա զուրկ, չը պիտի լինի թեթև, դիւրամարս ընթերցանութիւնից։

Մենք ստացանք Վան քաղաքից գալու 1873 թուին հրատարակվելու շաբաթաթերթի յայտարարութիւնը։ Սա է հին „Արծիւ Վասպուրականի“ նորոգված հրատարակութիւնը։ Խմբագիրը պ․ Մանուէլ Անանեանցն է, որ պ․ Սանասարեանի հաշվով ուսել է Գերմանիայում։ Ցանկանում ենք աջողութիւն մեր եղբայրակցին։

Նորին Կայսերական Բարձրութիւն Թագաժառանգը, որ շարունակ ստացվող պաշտօնական տեղեկութեանց նայելով, բաւական ծանր հիւանդ էր,—այժմ օրէ ցօր լաւանում է։

Նոյեմբերի 21-ին Մօսկվայի գաւառի Եասնէվսկի վիճակի մէջ իր գործունեութիւնը սկսեց նոր բացած գիւղական փոխատու և խնայողութեան ընկերութիւնը։

Դեկտեմբերի 27-ին հաւաքվեցաւ Թիֆլիսի քաղաքային վարչութեան դահլիճում մի մասնաժողով գազի լուսաւորութեան և ջրանցքի խնդիրը քննելու համար։ Քաղաքացիք իրանք կամենում են ջրանցքի և գազի լուսաւորութեան համար բաժանորդների ընկերութիւնը հիմնելու, բայց մի և նոյն ժամանակ, ինչպէս երևում է, հակված չեն մի սկզբնական գումար հաւաքելու տեղի նախապատրաստական հետազօտութիւնները անելու, պրօէկտը շինելու, և բաժանորդական ընկերութեան հիմնելուն հարկաւոր մայրագումար որոշելու համար․․․․ Որոշվեցավ քանի մի ազդեցութիւն ունեցող անձանց միջոցով ստորագրութեամբ հաւաքել մի գումար նախապատրաստական աշխատութիւններին ձեռք տալու համար։

Ռուս Голосъ լրագիրը ստացավ առաջին պաշտոնական նախազգուշութիւնը։

Голосъ լրագիրը լսել է, որ զինուորական գիմնազիաները պիտի ենթարկվեն փոփոխութիւններին։ Ինչպէս յայտնի է սոքա փակ ուսումնարաններն էին և մատչելի էին միայն հասարակութեան արտօնացած դասերին։ Աչքի առաջն ունենալով ընդհանուր զինուորական պարտաւորութեան օրէնքը, կամենում են այժմ մատչելի անել ամեն դասերին միջին կարգի ուսման կրթութիւնը։

Թիֆլիսի ամբողջ հայ-հասարակութիւնը գիտէ, որ դեռ Մատթէոս կաթողիկոսից մի կօնդակ տրվեցաւ Ներսիսեան դպրոցի հոգաբարձութեանը։ Վանքի Մայր եկեղեցու դիմաց գտնվող դարդակ հողի վերա Ներսիսեան դպրոցի համար մի յարմար շինութիւն կառուցանել։ Թիֆլիսի հասարակական կարծիքը վաղուց գիտենալով այս բանը տարակուսում է, թէ ինչ է պատճառ, որ մինչև հիմի հոգաբարձութիւնը չէր շինում մի օրինաւոր ուսումնարան այն հողի վրա։ Այժմեան հոգաբարձութիւնը, ասումեն, որ հասկացել է դպրոցիս այժմեան շինութեան անյարմարութիւնը․․․ Մի՞թէ նա էլ անուշադիր կը լինի մեր հասարակական կարծիքի բողոքող ձայնին․․․ Չենք կարծում։

Մեզ գրում են Բագուից որ քաղաքիս Մարդասիրական ընկերութեան խորհրդական անդամոց պաշտօնակատարութեան երեք տարվայ ժամանակը այս 1873 թիւ յունվարի ամսին վերջանում է։ Համաձայն 17-որդ յօդվածի Բարձրագոյն հաստատեալ կանօնադրութեան խորհրդական անդամներ պարտաւոր են հրաւիրել ընկերութեան բոլոր անդամներին, որ ընդհանուր ժողով կազմեն՝ նոր նախագահ և խորհրդական անդամներ ընտրելու։ Ժողովը կը հաւաքվի Բագուի մէջ յունվարի 25-ին։

Դուրս եկաւ Թիֆլիսում նոր ռուս լրագրի Тифлисский Въстникъ առաջին համարը։ Խմբագիրը պ․ իշխ․ Բէբուտօվն է։

Պ․ Էրիցօվի Кавказкая Старина ամսագրի 2-որդ համարը հրատարակվեցաւ։

ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ
ՖՐԱՆՍԻԱ

Խօսելով Ֆրանսիայի մասին, մենք յարմար ենք համարում, տարու սկզբում, չը շեղվել նորա քաղաքական օրական հարցերից։

  1. Մի քանի տղեերւոմ խաղողի ծառերը թողնում են գետնի վրայ, իսկ Ագուլիսում բարձրացնում են պատուագների՝ սիւներից և ընդ մէջ ու ընդ երկայն ձգած ձողերից շինած մարդահասակ բարձրութեան վրայ։ Գարնան որթերը մաքրում են անհարկաւոր ճիւղերից և մաքրած ուռինու ճիւղերով կապ-կպում ձողերի վրայ։
  2. Խաղողի այս հիվանդութիւնը պատահում է Թիֆլիզում և կոչվում է թոզ։ Ասում են որ նա մօտ տասն տարի է, որ այստեղ սկսուած է։
    Խմբ
  3. Օղի կամ արաղ մեր տեղերում այսպէս են քաշում։ Խարոյկի վրայ ամրացրած է մի մեծ կաթսայ, որի մէջ ածում են հասած ճեճէն աւելացնելով վրէն մի քիչ ջուր․ վրան դնում են մի ուրիշ կաթսայ (խուփ)․ յատուկ սորա համար շինած, որի դէպի ներքևի կաթսան դարձրած մասը գմբեթաձև է ու ծայրերը փոքր ինչ ոլորուած․― և սոցա միջի եղած բաց տարածութիւնը ցեխում են։ Կրակ արած ժամանակ ճեճէն սկսում է եռ գալ և գոլորշին բարձրանում է դէպի խփի գմբէթը․ այստեղ գոլորշին ցրտելով (որովհետև վրէն ջուր է ածած, որ ամեն անգամ երբ տաքանում է փոխում են՝ միջին շինած խողովակով տաքացած ջուրը բաց են թողնում և տեղը պաղը լքցնում) կաթիլ կաթիլ հանդարտ ցած է գալիս և հաւաքվում էն կռացած տեղը, և այստեղից խողովակով թափվում է տակին դրած կճուճի մէջ, որի բերանը ծածկած է լինում, որ չլինի թէ արաղի զօրութիւնը կորչի։