Էջ:Մուրոյի «զրույցը» 3.jpg

Այս էջը սրբագրված է


— Ես կաղ չոբան կյանքումս չեմ տեսել,— ծիծաղեց ընկերս։

Հովվի հագին տեղական, թևերը կտրած «փոթ»[1] էր, մորթը դեպի դուրս։ Պայուսակը ցնցվում էր, երբ նա քարից քար էր թռնում։

— Տեսնես էս տարի գլխին նա մեր օրերից ի՞նչ գիտե,— ասաց ընկերս ու ափսոսանքով ավելացրեց,— շվին չեմ տեսնում, թե ունեցել էր՝ փչել կտայինք…

Հովիվը մոտեցավ։

— Բարի տեսանք,— ասաց և գամփռին սաստեց։ Շունը նստեց։

— Անունդ ի՞նչ է,— հարցրեց ընկերս։

— Մուրո՛։

— Մուրո, բա շվի չունե՞ս։

— Փո՞ղ։— Եվ ծպպացրեց։

Նրա մի ոտը կարճ էր։ Կանգնելուց մատերի ծայրը հազիվ էր գետնին դիպչում։ Դեմքը ծաղկատար էր, ձախ աչքի տակը՝ ճոթռած։ Նրա զգեստը, գդակը, դեմքը, ձեռքերը համարյա հողագույն էին, արևից խանձված, քամուց ծեծված։ Սակայն մի քաղցրություն կար նրա միամիտ, մի քիչ կոշտ դեմքին։

Մուրոն նստեց։

— Մուրո, կարդալ գիտե՞ս։— Նա ծիծաղեց։

— Ուստի՞ց։

Ընկերս սկսեց հարցուփորձը։ Մուրոն գյուղի հովիվն էր։ Գյուղում մի «քոլիկ» ունի, որի դուռը դեռ չի կախել։ Քնում է ոչխարատիրոջ տանը՝ հերթով։ Ոչ ոք չունի։ Սասունում էլ որբ է եղել։

Հանկարծ ընկերս հարցրեց նրան.

— Մուրո, դու Լենինի անունը լսած կա՞ս…

— Հբա իմալ,— մի քիչ սրտնեղեց նա։— Ես Լենինի զրուց լե գիտեմ…

— Ի՞նչ զրույց, մի ասա լսենք,— խնդրեց ընկերս։ Մուրոն ամաչելով մեզանից «ծգարա»[2] խնդրեց ու սկսեց.

  1. փոթ— ցնցոտի, քուրջ
  2. «ծգարա»— ծխախոտ