Էջ:Մուրոյի «զրույցը» 7.jpg

Այս էջը սրբագրված է


«Մի քանի վախտ անց Լենին հիվնդցավ։ Որ հիվնդցավ, կանչեց իր ընկերներ, իր կնիկ, իր զորք, ասավ՝ ընկերներ, ես կմեռնեմ, իմ խրատներ, իմ խոսք կմնա աշխարհի երես։

«Լենին մեռավ… Յոթ օր, յոթ գիշեր սուգ արին, տարան մի բարձր տեղ թաղին, որ արևուց մոտ եղնի…»։

Մուրոն տեղից վեր կացավ, պայուսակն ուսը նետեց։

— Համլա զրուց (այսպիսի զրույց),— ասաց և խոնարհ գլուխ տալով հեռացավ, փայտը քարեքար դիպցնելով։ Քայլելուց նա ցնցվում էր, կարծես ամեն քայլափոխին պիտի ընկներ, եթե մահակը քարին դեմ չտար։

— Տղա լաո, իդա կուտ (ցորեն) վի՞ր է,— առուների մոտից կանչեց մեկը։

Մուրոն հավաքում էր ոչխարը։ Լսելի էր նրա մեղմ սուլոցն ու ձայնը— «հոլե՜, հոլե՜… քը՜սս, քը՜սս…»։ Քիչ հետո ոչխարը գլուխը թեքեց դեպի գյուղը։

— Հը, ո՞նց էր…— հարցրի ընկերոջս։

— Երբեք չէի սպասի…

Մենք նստեցինք, մինչև իրիկվա նրբին լազուրը հալվեց մութի մեջ, թանձրացավ խավարը, և դաշտն ու դիմացի լեռնաշղթան սուզվեցին մթնում։ Արաքսի արծաթ գոտին նիրհող թռչունի նման պահվեց եղեգնուտների մեջ։

Եվ ինչքան թանձրանում էր մութը, այնքան վառ էին փայլփլում էլեկտրական լույսերի շղթաները։ Ահա Երևանը, Սարդարաբադի կայարանը, Վաղարշապատը, Այղրի ջրհանը։

Կարծես մութ օվկիանի վրա լողում էին հրավառ նավեր…


1932