Այս էջը հաստատված է



ՑԸԼԴԸԶ


Ա

Հանկարծ թնդում էր փողոցը, պայտը խփվում էր սալահատակին, և մետաղի զիլ հնչյունը զրնգում էր ջինջ օդում։

— Արմենա՜կն է… Արմենա՜կն է…— ձայնում էին բոլորը։

Ոչ միայն մանուկները, այլև ամեն հասակի մարդիկ և՛ տներից, և՛ խանութներից թափվում էին փողոցը, կանայք և աղջիկները թռչում էին լուսամուտները, մինչև անգամ անկողիններում հիվանդ պառկածները պաղատում էին մի կերպ իրենց մոտիկացնել լուսամուտներին։

Կողմնակի փողոցներից մարդիկ վազում էին հևասպառ, լցվում քաղաքի գլխավոր փողոցի երկու երկայնքով։

— Ծո՛, Արմենա՜կն է…— լսվում էր քաղաքի զանազան կետերից։

Մշակները գետին էին դնում բեռները և սապատավոր ուղտերի նման այլանդակորեն վազում, իսկ բեռների տերերը, ճարահատ, մնում էին իրենց սեփականության մոտ և սպասում մինչև մշակները վերադառնան։

Սափրվողները, օճառով փրփրակալած կամ արդեն կես սափրված, սպիտակ շորը կրծքերի վրա, վեր էին թռչում աթոռներից և վազում։

Խելագար մի իրարանցում ողջ փոքրիկ, գավառական քաղաքում։ Վազելիս մեկը մյուսի վրա էր կոխոտում, հրում, ձգում, որպեսզի շուտ հասնի գլխավոր փողոցը, որտեղ Արմենակն, իր ձիու վրա նստած՝ սլանում էր դեպի գարնանային նոր հերկած, փխրուն, քիչ տաքացած և արձակ դաշտը։


Բ

Արմենակը բարձրահասակ և գեղեցիկ մի տղամարդ էր, ճակատի վրա ստվերում էր մազերի գանգուր մի փունջ, ֆեսը ետև նետած, հագնում էր մուգ֊կարմիր թավշյա մի ժիլե, շապիկի թևերը վեր քշտած, կանաչ չուխայե մի շալվար, որ սեղմորեն փաթաթվելով մարմնին՝ ցուցադրում էր սրունքների բարեձևությունը, աչքերի բիբերին ձգտող բեղ, կարմիր,