Այս էջը հաստատված է

արյունալից շրթունքներով, սուր ծնոտով, երկնագույն աչքեր՝ սև հոնքերով կիսաշրջանակված։

Արմենակի հայրը հյուսն էր, հռչակ ունեցող վարպետ, իր մեկ հատիկ արու զավակին ոչինչ չէր խնայում, այնպես որ, երբ նրա սերը կտրվեց դպրոցից և սկսեց չհաճախել, հայրը՝ ուստա Օվանեսը, չկշտամբեց նրան։

— Թող սաղ ըլլի, անկիրթ ըլլի. ես ըլ ուսում չառի, համա մարդ դարձա,— ասաց նա։

Արմենակը, սակայն, ինքն էլ հոր արհեստը սովորեց և վարպետ դարձավ, բայց արհեստանոցում գրեթե չէր աշխատում, որովհետև նրան այրում էր մի սեր, որ խելագարության էր հասնում։

Նա սիրում էր ձի։

Ամեն ուրբաթ օր Արմենակը վազում էր Գյուլ֊Օվան, ընդարձակ մի դաշտ, հերկած և փխրուն, որտեղ ճիրիդ[1] էին խաղում, և դիտում էր ձիերի վազքը, նետախաղին մասնակցող ամեն մի ձիավորը նրա աչքին հեքիաթային հերոս էր։

Ամեն առավոտ գնում էր Վարի հրապարակը, որտեղ ձիու ճամբազները ձի էին վաճառում և գնում։

— Ո՞ւր էիր, ծո՛,— հարցնում է հայրը։

— Աղջկա պես ձի մը ծախեցի հինգ ոսկով,— թուքը կուլ տալով պատասխանում էր Արմենակը։

Սա մինչև անգամ կանգ էր առնում և դիտում մի քոսոտ ձիու պայտումը։

Արմենակի համար ձին կյանքի նպատակն էր։

Ուստա Օվանեսը, երկար ժամանակ իր կնոջը՝ Աննա Քորոյին, անսաց և ձի չգնեց Արմենակի համար, որովհետև Աննա Քորոն, գիշեր և ցերեկ, որդուց գաղտնի, լաց էր լինում և պաղատում ամուսնուն.

— Ինչ կընես, ըրե՛, ձի մի առներ։

Աննա Քորոն կարծում էր, որ ձին որդուն մոռացնել կտար ծնողներին, երկու քույրերին, ապա և կարող էր չիրականանալ մայրերի համար գերագույն երազը՝ ամուսնացնել որդուն և սիրուն մի հարս բերել տուն։

  1. ճիրիդ― նետ, նետախաղ