Իսկ որդին, ամեն անգամ, երբ հորը տեսներ մենակ, մանավանդ լավ տրամադրության մեջ, գլուխը կախ ասում էր․
— Հայրի՛կ, ձի մը չառհր ընծի համար։
— Կառնի՛մ, յավրո՛ւս, կառնի՛մ…
Ուստա Օվանեսի համար խոր տառապանք էր տեսնել որդուն գլուխը կախ, խեղճացած։
— Պապա իգիթ է, մեղք է,— մտածում էր նա։
Եվ մի օր էլ Ուստա Օվանեսը մի երազ տեսավ. Արմենակը իշու վրա նստած, բզելով և փորին քացիներ տալով՝ իբր թե ձիարշավ էր գնում։
Վեր կացավ կեսգիշերին, մի սուրճ եփեց իր համար, սկսեց խմել, ծխել և մտածել։
Աննա Քորոն էլ զարթնեց։
— Քա՜, ինչո՞ւ ես արթնցեր։
— Երազ տեսա։
— Բարին ըլլի։
Եվ Ուստա Օվանեսը պատմեց իր երազը։
— Քա՜, ի՞նչ կըսես…
— Յա՜…
Աննա Քորոն լաց եղավ։
— Քա՜, Արմենակս իշու վրա նստի՞…
— Աչքովս տեսա, կնի՛կ։
Առավոտյան Ուստա Օվանեսը գրկեց որդուն և ասաց.
— Ուզած ձիյըդ հավանիր՝ առնիմ, հա՜յդե, յավրո՛ւմ։
Արմենակը թռավ Վարի հրապարակը։
Աննա Քորոն լաց եղավ, բայց չդիմադրեց այլևս։
Արմենակի երկու քույրերր թռչկոտում էին, որովհետև նա երկուսին էլ գրկեց, ցավացնելու չափ սեղմեց և համբուրեց։
Երեք օրվա ընթացքում Արմենակը գտավ մի ձի, և Ուստա Օվանեսը ութ օսմանյան ոսկի համրեց վաճառականի ափի մեջ։
Արմենակն այլևս հոր արհեստանոցում չերևաց։
— Թող պոռթկռտա ու քեֆ ընե, աշակերտներ շատ ունիմ,— ասաց հայրը։
Այս ժամանակ Արմենակը քսանմեկ տարեկան էր։
Գնած ձին մի արատ ուներ՝ առաջի ոտները իրար էր