Այս էջը հաստատված է

խփում։ Արմենակը երկու ոսկի վրա տալով փոխեց մի ուրիշ ձիու հետ։

Մի օր հայրը լսեց, որ Արմենակը ճիրիդի էր մասնակցել, կնոջը բան չհայտնեց այդ մասին, բայց կինն իր ուրույն ճանապարհով լսել էր և ահ ու սարսափով բռնվել։ Ճիրիդում նետ էին գործածում, հազար ու մի թշնամություններ էին պատահում, զարնում էին գլխին և սպանում։ Ճիրիդում սպանվածի համար ոչ մի պատասխանատվություն չկար։

Մայրը կանչեց իր որդուն, բռնեց նրա գլուխը, սեղմեց իր բուրումնավետ կրծքի վրա և ասաց.

— Ճիրիդ մ՚երթար, յավրո՛ւս, ի՞նչ կըլլի, տես, կաթս հարամ կենեմ։

Արմենակը մորը խոստացավ ճիրիդի չմասնակցել։


Գ

Կամաց֊կամաց Արմենակը փայլուն հաջողություններ ձեռք բերեց ձի նստելու ասպարեզում։

— Տղադ ձիու ճամբազ դարձավ,— ասում էին Ուստա Օվանեսի բարեկամները։

— Ջինսին մեջ եղեր է,— պատասխանում էր Ուստա Օվանեսը,— մեծ ամուճաս ըլ ձիու մարախլի էր, ձիու ուղուրն ըլ գնաց։[1]

Արմենակի ձիու սիրահարությունից ամենախոր հրճվողները նրա քույրերն էին, որոնց անմեղ հպարտությունը քաղաքում աչքի ընկնող երևույթ էր։

— Երեկ ախպարդ տեսա ձիու վրա, քնձոր[2] թագավոր ըլլեր…― ասում էր քույրերի ընկերուհիներից մեկը։

— Ո՞ւր տեսար։

— Վերի մահլեն։

Երկու քույրերն էլ հնդկահավի նման ուռչում էին, այն աստիճան, որ ընկերուհին զղջում էր ասած լինելուն։

— Իշտե ախպորս պես չիկա, աշխըրքի մեջ մեկ հատիկ է։

  1. մեծ հորեղբայրս էլ ձիու սիրահար էր, ձիու խաթեր էլ մեռավ։
  2. ոնց որ, ասես