Այս էջը հաստատված է



Մի տարի Ուստա Օվանեսը կառավարական մի մեծ շենքի փայտե աշխատանքի կապալը վերցրեց և մեծ փող վաստակեց։

— Աղջի՛, Աննա, Արմենակին կարգենք, փարա շատ կա,― ասաց Ուստա Օվանեսը։

Աննա Քորոն ուրախությունից չկարողացավ պատասխանել։

— Կերևա քի ձիու հավասը առավ, աղջիկ մը փաթթենք գլխուն, քընթին հովը կիջնա, ձին ըլ կմոռնա,— շարունակեց Ուստա Օվանեսը։

— Հա՛, հա՛, աղեկ կ՚ըսես,— հիացմունքով կախվեց Աննա Քորոն ամուսնու շրթունքներից։

Մի քանի օր հետո, երբ Արմենակն արհեստանոցում հորն էր օգնում մի նուրբ պահարան շինելիս՝ Ուստա Օվանեսը Արմենակին պատմեց ծեր հոր հեքիաթը. «Կըլլի՝ չըլլիր, ըխտիյար՝[1] հայր մը կըլլի. էս հայրը մեկ հատիկ զավակ մը կունենա, էս զավակը մարախ կուգա[2] շունի, որսորդության ու չի կարգվի, հայրը կկանչե զավակն ու կըսե. օղլո՛ւմ, ես պիտի մեռնիմ, ամա աչքս ետիս է, էկեր[3] դուն կարգվիս ու զավակ ունենաս, աչքս ետիս չի մնար։ Տղան կըսե՝ թե որ էդպես է, կը կարգվիմ։ Ըխտիյար հայրը կօրշնե զավակը, կը կարգե, զավակ կունենա, հայրն ըլ հանգիստ կը մեռնի»։

— Առակս զի՞նչ ցուցանե,— հարցրեց Արմենակը բարեմտորեն ժպտալով։

— Առակս կը ցուցանե, տղա՛ս, որ վախտդ եկեր է, կարգվե՛։

— Ես կուզիմ, որ երթամ երկրներ տեսնամ գամ, վերջը կարգվիմ։

Ուստա Օվանեսն այս անգամ էլ զիջեց որդուն, մեծ փող տվեց և ուղարկեց նրան Ադանա, Հալեպ, Դամասկոս։

Ճանապարհ դնելիս Ուստա Օվանեսը նրան համբուրեց և ասաց.

  1. ծեր
  2. հրապուրվել, տարվել
  3. եթե