Այս էջը հաստատված է



— Արմենա՜կը, Արմենա՜կը…

Յըլդըզը, ամբողջովին սպիտակ, ածուխի նման սմբակներով, ազնվագույն գլուխը բռնած բարձր և հպարտ, անպայման զգում էր, որ ահա ողջ քաղաքը հանդիսատես է իր վազքին։

Օրը դառնում էր խելահեղ ողջ գավառական քաղաքի համար, իսկական տոնական և համայնական ուրախության օր։

Այդ իրիկուն բոլոր գինի խմողները,— ծանոթ թե անծանոթ,— պարտք էին համարում խմել Արմենակի և նրա ձիու կենացը.

— Ողջ ըլլին երկուսն ըլ, մեր քաղաքը փառլաթըմիշ[1] ընեն…

— Փեզեվենկի տղուն ձիյը ինչ ըսես արժե, մաշշալա՜հ…

Այդ իրիկուն, գրեթե ամեն տան մեջ խոսակցությունը դառնում էր Արմենակի և նրա ձիու շուրջը։

— Քա՜, տեսա՞ր…

— Յա չի տեսա՞…

— Ես առուեն անցած ատեն տեսա, աչքս խառալմիշ եղավ[2]

— Ես դաշտը կայներ էի, տեսա հրեղեն ամպի պես կուգա կոր…

Եվ ոմանք պատմում էին բաներ, որ չէին տեսել, բայց հավանորեն կարող էին պատահած լինել։ Ով ինչքան շատ բան «տեսած լիներ», այնքան իրեն հպարտ էր զգում և պատմելով, պատմելով, իրենք էլ հավատում էին իրենց պատմածներին։

— Դաշտին միջի էն թեք ծառը կա՞ յա, իշտե էն ծառի վրայեն թռա՜վ…

— Չէ՛, ջանը՛մ,— չհավատալով և ապշահար գալիս է պատասխանը մեկից, բայց լավ է զգում, որ դիմացինը փչում է։

— Սոխախին (փողոց) մեջ կնիկ մի դեմը ելավ՝ Յըլդըզը վրայեն թռավ անցավ ու կնիկը հեչ բան մընալ չի գիտցավ։

  1. փայլ տալ
  2. սևացավ, մթնեց