Այս էջը հաստատված է

Աննա Քորոն համոզել էին իրենց մեկ հատիկ որդուն ամուսնանալ, բայց ահա այս ախոռ փոխադրվելն ամեն ծրագիր տակնուվրա էր անում։

— Աղջիկը բերիմ, տանիմ ախո՞ռը պառկեցնեմ,— առարկում էր Արմենակը։

Ուստա Օվանեսը չէր կարող ուրիշ առարկություն բերել, որովհետև հաստատ համոզված էր, որ եթե Արմենակը ախոռում չքներ՝ ատրճանակը բարձի տակ և դանակը պատյանից հանած և դրած անկողնի կողքին, սրիկաներն անպայման կը հափշտակեին ձին և դա Արմենակի համար մահ կլիներ։

— Կնի՛կ,— համոզում էր Ուստա Օվանեսն իր կնոջը,— ավելի աղեկ է տղաս ողջ մնա, ախոռը քնանա, քան թե հարս բերի ու մեռնի։

— Հարսն ըլ թող ախոռը պառկի,— ասում էր Աննա Քորոն։

— Կնի՛կ, էնպես բան ըսե, քի եփած հավը չխնդա։

Մայրը միամտորեն փորձեց մի օր համոզել Արմենակին, որ ձին ծախի ու շեն ու շնորհքով ապրի։

— Զաթե[1] ձիեն հավսդ առիր,— ասաց Աննա Քորոն։

Արմենակը պատասխանեց նրան.

— Քառասուն աղջիկ ձիուս դռնաղին[2] հետ չեմ փոխեր։

Քույրերը նպաստում էին Արմենակի ամուրի մնալուն, նրանք նախանձում էին, որ տունը մի աղջիկ գար և ամբողջովին գրավեր իրենց եղբորը։

Ինչքան ծնողները ամուսնության խոսքն էին անում, Արմենակն այնքան խոր սիրահարվում էր իր ձիուն և ամեն մի խոսակցությունից հետո դուրս բերում ձին ու թնդացնում փողոցը։

Աննա Քորոն, հակառակ խոնավացած աչքերին, երբ լսում էր Յըլդըզի խրխնջոցը, բացականչում էր.

— Ձա՜նըդ սիրեմ…

Յըլդըզը գնալով ավելի փարթամացավ և ավելի կատաղեց։

  1. արդեն
  2. եղունգ