Այս էջը հաստատված է



Արմենակն ապրում էր գերագույն երջանկության մեջ, ախոռի թրիքի հոտը նրան թվում էր խոր բուրումնավետ։ Երբեմն գիշերները վեր էր կենում, մոտենում Յըլդըզին, շոյում, համբուրում նրա աչքերը, որ լամպի լույսին հառելիս՝ անսահման փայլ ու խորություն էին ստանում, հետո գալիս էր անկողին, մի սիգարեթ քաշում և քնում։ Պատահում էր, որ Արմենակն ուշանար գալ քնելու, Յըլդըզն անհանգիստ էր լինում, և երբ ներս էր մտնում Արմենակը, ձին այնպես էր խրխնջում, որ ախոռի լուսամուտի ապակիները թրթռում էին։


Ը

Բայց խոր երջանկությունը, այսպես է կարծես բնության անիմանալի օրենքը, երկար չի տևում, հորդուն տեղատարափը կարճ է լինում, երբ ծառի վրա պտուղները մեծ և փարթամ են աճում՝ թվով քիչ են լինում, այդպես է և լույսով վարարուն առավոտը, հանկարծ ամպեր են հասնում, գորշ, մթին և ծանր ամպեր, և ծածկում են երկնքի անսահման կապույտը։

Արմենակը հանկարծ հիվանդացավ, մեկ ձայնի վրա սկսեց բղավել.

— Փո՜րս… փո՜րս…

Անմիջապես փոխադրեցին նրան ախոռից տուն, իր նախկին սենյակը։ Տաք ջուր, տաքացրած կղմինդր։ Կեսգիշերին բժիշկ եկավ, դեղ, կոմպրես՝ ոչինչ չօգնեց։

— Բաղարսըղ դեոմմեսի[1] է,— հայտարարեց բժիշկը։

Գավառական փոքրիկ քաղաքի բժիշկը հայտարարելով նրա հիվանդությունը, ձեռքերը ծալեց և քաշվեց մի կողմ։ Անզոր էր նրա գիտությունը։

Արմենակը ձայնը չկտրեց։

Հաջորդ գիշերը նա հազիվ կարողացավ խնդրել հորը, որպեսզի ինքը գնա և ախոռում գիշերի։

— Շուն շանորդիները բան մը չընե՞ն ձիուս,— ասաց նա։

Ուստա Օվանեսն այդ գիշերն անցկացրեց ախոռում։

Առավոտյան Արմենակի դրությունն ավելի վատացավ,

  1. բաղարսըղ դեոմմեսի— աղիքների հանգրիճում